ԵՌՕՐՅԱ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՀՈՎԱՆՈՒ ՆԵՐՔՈ

ԵՌՕՐՅԱ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՀՈՎԱՆՈՒ ՆԵՐՔՈ

2012-04-26T12:48:14+00:00 26/04/2012|Լրահոս|

Մշակութային քաղաքականություն եւ քաղաքականություն մշակույթի համար։ Այս խորագրով եռօրյա գիտաժողովը Երեւանում համախմբել էր ԱՊՀ անդամ պետությունների մշակույթի ոլորտի ներկայացուցիչներին եւ միջազգային փորձագետներին։ Տարածաշրջանային երկրորդ խորհրդաժողովի թեման. որն անց է կացվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո, համաշխարհային ժառանգությունն էր, համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հուշարձաններին առնչվող սպառնալինքները, դրանց պահպանությունը։ Խորհրդաժողովը շարունակությունն էր երեք տարի առաջ կրկին Երեւանում անցկացված «Մշակութային քաղաքականություն և քաղաքականություն մշակույթի համար. Նոր մշակութային քաղաքականության պրոֆիլ կոնֆերանսի»:

ՄԱԿ-ի ձևաչափում միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի մշակույթի մանդատ։ Կառույցը խթանել և շարունակում է նպաստել մշակութային բազմազանությանը և մշակույթների միջև փոխըմբռնմանը: 2001 թ. հետո ստեղծված աշխարհաքաղաքական զարգացումները, ահաբեկչությունների աճող մակարդակը, ներգաղթը, համաշխարհային տնտեսական ճգնաժամը, գլոբալիզացիան առավել մեծացրել են զարգացման այլընտրանքային մոդելների առկայության անհրաժեշտությունը։ Խորհրդաժողովի մասնակիցները երեք օրերի ընթացքում անդրադարձան մաշկութային բազմազանությանը, գրավոր ժառանգության պատհանությանն ու տարածմանը, տեղական իշխանությունների դերին։ Զեկուցողները փաստեցին ազգային և միջազգային զարգացման քաղաքականության մեջ, ինչպես նաեւ միջազգային զարգացմանն ուղղված համագործակցության շրջանակում մշակույթը որպես ռազմավարական բաղադրիչ ներառելու անհրաժեշտությունը։

Հաշվի առնելով 2012թ. Երևանը Համաշխարհային գրքի մայրաքաղաք հռչակելու և Հայ գրատպության 500-ամյակի տոնելու հանգամանքները` անդրադարձ եղավ նաեւ գրավոր ժառանգության ունեցած դերին, դրանց թվայնացմանը, ինչպես նաեւ՝ գրադարանների դերին։ Խորհրդաժողովի ընթացքում քննարկված թեմաներից մեկն էլ համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված բացառիկ արժեք ներկայացնող հուշարձանների պահպանությանն էր վերաբերում։ Ներկայում Համաշխահային ժառանգության ցանկում ընդգրկված են 725 մշակութային, 183 բնության և 28 խառը (համակցված) հուշարձաններ:

Առանձնահատուկ շեշտվեց տեղական ինքնակառավարման մարմինների դերը, նրանց ներգրավվումը հուշարձանի կառավարման ու զբոսաշրջության պլանավորման գործընթացում։

Համաշխարհային գլոբալիզացիայի պայմաններում եւ արագ զարգացող աշխարհում հանդիպող մարտահրավերներին դիմակայլելու եւ հենց այդ համատեքստում մշակութային ժառանգությունը պահպանելու ու զարգացնելու խնդրին իր ելույթում անդրադարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Մոլդովայի եւ Բելառուսի ներկայացուցիչ Լյուբավա Մորեվան։ Նա նկատեց, որ խորհրդաժողովի մասնակիցներին հուզող հարցերն անկախ տարածարջանային հեռավորությունից, աշխարհաքաղաքական դիրքից մեկն է ու լուծման ուղիներն էլ պետք է գտնել ընդհանուր համատեքստում։

;Ռուսաստանը ներկայացնող Օլգա Աստաֆեվայի զեկույցն առնչվում իր երկրում մշակութային ժառանգությանն ու դրանց խնդիրներին։ Զեկուցողների կարծիքով, համաշխարհային ժառանգության ցանկում ընգրկված հուշարձանների համար առաջնային են պահպանության, ուսումնասիրման, օգտագործման ու հանրահռչակման հետ կապված հարցերը։ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավարյի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալ Աշոտ Փիլիպոսյանը նկատեց, որ համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում է նաեւ Զվարթնոց պատմամշակութային արգելոց թանգարանը, որում ներառված է Ս. Գրիգոր եկեղեցին կամ Զվարթնոցի տաճարը։ Նա կարեւորեց հուշարձանների պահպանությանն ուղղված օրենսդրական դաշտի հետագա զարգացումն ու կատարելագործումը, վերականգնման ու ամրակայման աշխատանքները, դեպի հուշարձանը տանող ճանապարհների, համապատասխան տուրիստական ու սպասարկման ենթակառուցվածքների ստեղծման, պատմական տարածքի հավուր պատշաճի ներկայացման, զարգացման հարցերը:

Խորհրդաժողովի մասնակիցներն անդրադարձան համաշխարհային ժառանգության ցանկում ընգրկված հուշարձանների ուսումնասիրման հիմնախնդիրներին, միջազգային կառույցների հետ գործակցության սերտացմանը։