Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առիթով բաց դասեր, սանմաքրման ու բարեկարգման աշխատանքներ են անցկացվել Լոռու մարզում: Վանաձոր քաղաքում, Գուգարք, Բազում, Ձորագյուղ համայնքներում դպրոցականները, զինծառայողներն ու ՊՄՊ մարզային ծառայության պատասխանատուները բարեկարգել են Հրանտ Մաթևոսյանի, Կոտրած եկեղեցու (Ղարաքիլիսայի ճակատամարտի վայր), Կամակատար մատուռի, Երկրորդ աշխարհամարտի (ԵԱԶ), Արցախյան ազատամարտի, 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող և այլ հուշարձանների տարածքները, Ստեփան Զորյանի տուն-թանգարանի բակը: Որոշ հուշարձանների տարածքներում նաև կանաչապատման աշխատանքներ են իրականացվել:
Աշխատանքների ավարտին մասնակիցներին ներկայացվել է ապրիլի 18-ի օրվա խորհուրդը, մարզի առավել հայտնի հուշարձանները, դրանց առնչվող ուշագրավ պատմությունները: Ստեփան Զորյանի տուն-թանգարանում էլ ցուցադրվել է ՊՈԱԿ-ի պատրաստած «Գլաձորի համալսարան» փաստա-վավերագրական ֆիլմը: