ՊՄՊ Տավուշի մարզային ծառայության պետ Արկադի Դովլաթբեկյանի ուղեկցությամբ ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության I-III կուրսերի ուսանողներն ու դասախոսները ճանաչողական այց են կատարել Իջևան քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք գտնվող Ամրոց «Մանթաշ» («Աշոտ երկաթի բերդ») հուշարձան:
Մարզային ծառայության պետն ու բուհի դասախոսներն ուսանողներին ներկայացրել են բերդը, խոսել նրա ծաղկուն ժամանակաշրջանի մասին։ Հիշել են պատմական անցուդարձեր, երբ բերդի իշխանները մի քանի անգամ ապստամբություն են բարձրացրել Բագրատունի թագավորների դեմ։ Աշոտ Բ-ն (914-928) զենքի ուժով կոտրել է նրանց դիմադրությունը և գրավել Տավուշի բերդը։ XIV դարից Տավուշի բերդը կորցրել է իր նշանակությունը և աստիճանաբար ավերվել։
Այցի ընթացքում ուսանողները ծանոթացել են բերդին վերաբերող պատմական աղբյուրներին, ձեռք բերել տեղանքի ուսումնասիրման հմտություններ:
Ճանաչողական այցի նպատակը ուսանողներին պատմամշակութային հուշարձաններին ծանոթացնելն է։