ԵՐԿՕՐՅԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐ ԿԱԶԱՆՈՒՄ. ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՊՈԱԿ-Ի ՓՈԽՏՆՕՐԵՆՆ ՈՒ ԳԻՏՆԱԿԱՆ-ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

ԵՐԿՕՐՅԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐ ԿԱԶԱՆՈՒՄ. ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՊՈԱԿ-Ի ՓՈԽՏՆՕՐԵՆՆ ՈՒ ԳԻՏՆԱԿԱՆ-ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

2017-05-06T17:38:17+00:00 06/05/2017|Լրահոս|

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի` ֆոնդերի գծով տեղակալ Լիաննա Գևորգյանը և գիտնական-քարտուղար Աշոտ Փիլիպոսյանը` ՌԴ Թաթարստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Թաթարստանի Հանրապետության Պատմության ու մշակույթի հուշարձանների վերածննդի հանրապետական ֆոնդի հրավերով, մասնակցել են «Բոլգարի պետական պատմաճարտարապետական արգելոց-թանգարան»-ում կազմակերպված «Համաշխարհային ժառանգության օբյեկտների մշտադիտարկում. ՌԴ և ԱՊՀ երկրների փորձը» խորագրով միջազգային սեմինարին: Այն անցկացվում էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական հովանու ներքո: Ներկա են եղել պատվիրակներ Գերմանիայից, Հունաստանից, Հայաստանից, Տաջիկստանից, Ղազախստանից, Մոլդովայից, Բելառուսից և Ռուսաստանի Դաշնությունից: Միջազգային սեմինարի մասնակիցները եղել են նաև Կազանում, ծանոթացել Կազանի և Բոլգարի պատմամշակութային հուշարձաններին:

Երկօրյա հագեցած ծրագիրը ներառել է զեկուցումների շարք նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկված համաշխարհային ժառանգության հուշարձանների մշտադիտարկման արդյունքներին, ինչպես նաև մի շարք զեկույցներ համաշխարհային պատմամշակութային ժառանգության այն հուշարձանների մասին, որոնք հավակնում են ներառվելու այդ ցուցակում:

«Զվարթնոցի տաճարը. Համաշխարհային ժառանգության ՅՈՒՆԵՍԿՕ-ի օբյեկտի պահպանության վիճակը» խորագրով Լիաննա Գևորգյանի զեկույցի ընթացքում լուսանկարներով ներկայացվել է հուշարձանի ներկայիս վիճակը և անդրադարձ կատարվել այն միջոցառումներին, որոնք իրականացվում են ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից: Զեկուցման վերջում ներկայացվել է հուշարձանի տարածքում նախատեսվող համալիր միջոցառումների նախնական ծրագիրը և 3D տարբերակով տաճարի փոքրացված լազերային լուսապատկերի ստեղծման առաջարկը:

«Քաղաքատեղի Դվինը որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակի հավակնորդ» վերնագրով Աշոտ Փիլիպոսյանի զեկույցն ուղեկցվել է լուսապատկերային ցուցադրությամբ, անդրադարձ է կատարվել հուշարձանի ներկա վիճակին և ներկայացվել բնակավայրի վերականգնման նախագծերի շարք:

Հատկանշական է, որ երկու ելույթներից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ պատվիրակ Ակվիադիս Պրեպասը (Հունաստան) Հայաստանի հուշարձանների վերաբերյալ հանպատրաստից ելույթ է ունեցել և ընդգծել այն առաջընթացը, որը նկատվում է Հայաստանում համաշխարհային ժառանգության հուշարձանների պահպանության և օգտագործման գործում։

Միջազգային սեմինարի վերջում մասնակիցները կազմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանն ուղղված նոր առաջարկությունների փաթեթ՝ «Հետխորհրդային տարածքում համաշխարհային ժառանգության օբյեկտների ասոցիացիա» ստեղծելու մասին` հետագայում «II կատեգորիայի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոն»-ի կարգավիճակ շնորհելու առաջարկով: Նման կենտրոնի ստեղծման նպատակը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ռազմավարական նշանակության ծրագրերն առավել արդյունավետ իրականացնելն է:

Լիաննա Գևորգյանն ու Աշոտ Փիլիպոսյանն այսօր «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում գործընկերներին են ներկայացրել Կազան կատարած այցի և միջազգային սիմնարի մասնակցության, մասնագիտական քննարկումների և տեղի ունեցած հանդիպումների մասին հաշվետվություն։

Աշոտ Փիլիպոսյանը խոսել է ոչ միայն սեմինարի կարևորության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված Թաթարստանի Հանրապետության հուշարձանների առանձնահատկությունների, այլև այդ երկրում հայկական հետքի ու մասնավորապես ժամանակակից Բոլգարում կառուցված հայկական միակ եկեղեցու մասին։

Հաշվետվության ավարտին ՊՈԱԿ-ի տնօրենի՝ գիտական աշխատանքների գծով տեղակալ Կարեն Փահլեվանյանը շնորհակալություն հայտնելով միջազգային սեմինարին կարևոր և արդյունավետ մասնակցության համար, նշել է, որ նմանօրինակ այցերի շնորհիվ են ամրապնդվում մշակութային կապերը։

ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը ևս կարևորեց այցը Թաթարստանի Հանրապետություն: Նրա խոսքով այսուհետ ՊՈԱԿ-ի գիտական գործունեությանն առնչվող արտասահմանյան մասնագիտական գործուղումների հաշվետվությունները կամփոփվեն տարեվերջյան առանձին տեղեկագրքում։ Արա Թարվերդյանը տեղեկացրեց նաև, որ աշնանը Մեծամորում նախատեսված «Մեծամորյան ընթերցումներ» գիտաժողովին կմասնակցեն նաև մասնագետներ տարբեր երկրներից։