Հայ-լեհական հնագիտական համագործակցությունը հինգ տարեկան է: «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում երեկ կայացած միջոցառումը իրենց ներկայությամբ պատվել են Լեհաստանի արտաքին գործերի նախարարության, հյուպատոսական և արևելյան քաղաքականության հարցերով փոխնախարար Բարտոշ Չիխոցկին, Լեհաստանի արտաքին գործերի նախարարության Արևելյան դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Ռաֆալ Պոբորսկին, Հարավային Կովկասի հարցերով բաժնի պետ Պիոտր Կոնովրոցկին և Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանության ներկայացուցիչներ:
«Ողջունում եմ ձեզ և մաղթում, որ հայ-լեհական արդյունավետ համագործակցությունը դեռ երկար շարունակվի ու մեր մշակութային պատմությունը հարստացնի նոր, ուշագրավ տեղեկություններով», – բացման խոսքում ասել է «Պատմաշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը։
ՊՈԱԿ-ի տնօրենը համոզմունք է հայտնել, որ այս գործակցությունը կնպաստի նաև զբոսաշրջության զարգացմանը և լեհ զբոսաշրջիկները «Մեծամոր» արգելոց-թանգարանի այցելուների շարքում առաջիններից կլինեն:
Հայ-լեհական բարեկամությունը բարձր է գնահատել նաև Լեհաստանի արտաքին գործերի նախարարության, հյուպատոսական և արևելյան քաղաքականության հարցերով փոխնախարար Բարտոշ Չիխոցկին:
«Ուրախ ենք հնագիտության ոլորտում հայ-լեհական գործակցության համար: Մեզ համար սա կարևոր նշանակություն ունի, ինչպես նաև հնարավորություն է` ծանոթանալու տարածաշրջանի հնագիտական հարստությանը։ Հայ և լեհ ժողովուրդների բարեկամությունը մեզ համար թանկ է: Այս տարի Լեհաստանում նշվել է հայ համայնքի կազմավորման 650 ամյակը»։
Ներկաները ծանոթացել են արգելոց-թանգարանում բացված «Լեհերը Մետքասի ճանապարհին. հետազոտողներ, բացահայտողներ, լրագրողներ» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրությանը, որտեղ ներկայացվել են արևելքի երկրների 14 հետազոտողների, արևելագետների ու մտավորականների 13-20-րդ դարերի ուսումնասիրություններին, որոնք վերաբերում են արևելքի տարբեր հուշարձաններին։
Լեհական պատվիրակության անդամները շրջել են «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում: Արդեն լիիրավ «տանտիրոջ» իրավունքով մշտական ցուցադրությանը նրանց ծանոթացրել է հայ-լեհական հնագիտական արշավախմբի համաղեկավար, Վարշավայի համալսարանի հնագիտության ինստիտուտի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Քշիշտոֆ Յակուբյակը: Լեհական պատվիրակության անդամները հիացել է արգելոց-թանգարանի անկրկնելի գանձերով, եղել` Մեծամորի հնավայրի տարածքում:
Հայ-լեհական գործակցության շրջանակում նաև կադրերի վերապատրաստումն է: ՊՈԱԿ-ի չորս աշխատակիցներ Վարշավայի համալսարանի Հնագիտության ինստիտուտում երկու ամսով որակավորման դասընթացների են մասնակցել, վկայագրեր ստացել:
Ամփոփելով իր տպավորությունները Լեհաստանի արտաքին գործերի նախարարության, հյուպատոսական և արևելյան քաղաքականության հարցերով փոխնախարար Բ. Չիխոցկին մասնավորապես նշել է. «Այս աշխատանքը միջազգային գիտության համար շատ կարևոր և իրական օրինակ է, նաև երաշխիք` հետագա գործակցության զարգացման համար: Ձեր հարգանքը մեր գիտնականների նկատմամբ ու նրանց աշխատանքին ցույց է տալիս եվրոպական ընտանիքին մեր բոլորիս անկեղծ ձգտումը: Առաջիկայում Հայաստան կայցելի Լեհաստանի մշակույթի նախարարության, ապա նաև`ԱԳ նախարարության պատվիրակությունը: Հուսով եմ, որ նրանք էլ ականատես կլինեն Մեծամորի գեղեցկությանը: Մեծապես տպավորված եմ Մեծամորի աննկարագրելի գեղեցիկ գտածոներով»: