ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆՎԻՐՅԱԼԸ․ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՆՎԻՐՎԱԾ ԼԱՎՐԵՏԻ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆՎԻՐՅԱԼԸ․ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՆՎԻՐՎԱԾ ԼԱՎՐԵՏԻ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

2017-12-30T23:32:28+00:00 28/12/2017|Լրահոս|
  1. «Պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի և ՀՊՄՀ նախաձեռնությամբ  անցկացված «Հայոց պատմության ու մշակույթի նվիրյալը» խորագրով միջոցառումը նվիրված էր Լավրենտի Բարսեղյանի 80 ամյակին։ Այն մեկնարկել է  ՀՊՄՀ  կուլտուրայի ֆակուլտետից, որտեղ կանքի վերջին տարիներին աշխատել է պրոֆեսոր Բարսեղյանը։ Լավրենտի  Բարսեղյանի անվան  կաբինետ-լսարանի  բացման պատիվը տրվել է  նրա  տիկնոջը: Ընտանիքի անդամներից ներկա են եղել նաև որդին և թոռնուհին։  Մասնագիտական գրականությամբ հագեցած գրադարան-կաբինետը Բարսեղյանն անձամբ է ձևավորել։

Այնուհետև ներկաները տեղափոխվել են ՀՊՄՀ թանգարան, որտեղ բացվել է  ժամանակավոր ցուցադրություն։ Ներկայացվել են պրոֆեսոր Բարսեղյանի լուսանկարներն ու անձնական իրերը, բազմաթիվ պարգևները՝ շքանշաններ, մեդալներ։

IP

Բացման խոսքում ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանն ընդգծել է, որ Լ․ Բարսեղյանի հիշատակին նվիրված միջոցառումը մեր հարգանքի տուրքն է մշակույթի նվիրյալին:  «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի   որդեգրած աշխատելաոճի համաձայն  հանրահռչակվում են  ոչ միայն Հայաստանի ու ընդհանրապես հայկական հետք ունեցող հուշարձաններն, այլև արժանին է մատուցվում մեր հարուստ մշակութային ժառանգության ուսումնասիրման ու հանրահռչակման գործին անմնացորդ նվիրված երախտավորներին: «Այսօր մեր հարգանքի տուրքն ենք մատուցում ամենավառ անհատականություններից մեկին՝ Լավրենտի  Բարսեղյանին։ Այս գիտաժողովն  ու զեկույցների տպագրությունը  մեր նվիրյալներին գնահատելու գործի միայն սկիզբն է», – իր խոսքում ասել է Ա. Թարվերդյանը։

Մեծանուն գիտնականի հիշատակին նվիրված միջոցառումը  եզրափակել  է  գիտաժողովը: Բացման խոսքով հանդես են եկել ՊՈԱԿ-ի գիտնական- քարտուղար, ՀՊՄՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պ․գ․դ․պրոֆ․ Աշոտ Փիլիպոսյանը, ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը։

 

 

«1960-ական թվականների կեսերից մինչև կյանքի վերջին օրը Լ. Բարսեղյանն աշխատել է ի նպաստ հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրման ու պահպանման գործին: Նրա լայնածավալ գործունեության մի ստվար հատված նվիրված է 20-րդ դարասկզբի Հայոց  ցեղասպանության  ողբերգական էջերի մասին լայնածավալ գրականության հավաքագրմանը։ Մեր պատմության և մշակույթի բնագավառում նրա կատարած աշխատանքն ու նվիրումն այնքան մեծ է, որ մի ամբողջ սերնդի համար ուղենիշ է դարձել»,-ասել է Աշոտ Փիլիպոսյանը։

Ռուբեն Միրզախանյանն էլ  խոսել է Լ․ Բարսեղյան ղեկավարի տաղանդի մասին․«Երբ նոր էի ստանձնել համալսարանի ղեկավարի պարտականությունները Լ․ Բարսեղյանը ցանկություն հայտնեց դասավանդել։ Շատ լավ իմանալով նրա կազմակերպչական  բացառիկ ունակությունները` առաջարկեցինք ղեկավարել թանգարանագիտության, գրադարանագիտության ու մատենագիտութան  ամբիոնը։ Լ․ Բարսեղյանը մեր նորագույն շրջանի պատմության երևի միակ անհատականությունն է, որին հաջողվել է միաժամանակ լինել Երևանի փոխքաղաքապետ, ղեկավարել  Հայաստանի ազգագրության և ազգային-ազատագրական պայքարի պետական թանգարանն ու մարզահամերգային համալիրը։ Սա նրա բացառիկ տաղանդը բնորոշող լավագույն վկայություններից է»,-ասել է Ռ.Միրզախանյանը:

Լ․ Բարսեղյանն ունի աշակերտների մի մեծ բանակ, ովքեր այսօր արդեն հանդես են գալիս որպես նրա գործի շարունակող և գիտաժողովին ներկայացել են ծավալուն զեկույցներով։  Ելույթ են ունեցել նաև Լ․ Բարսեղյանի ընկերները, ովքեր այսօր աշխատում են տարբեր հնավայրերում, մարդիկ, ովքեր իրենց մասնագիտական գործունեության ճանապարհին մեծ օժանդակություն են ստացել Լ․ Բարսեղյանից։  Զեկուցումներով  հանդես են եկել «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի՝ ֆոնդային աշխատանքների գծով տեղակալ Լիաննա Գևորգյանը, ՊՈԱԿ-ի գիտնական -քարտուղար, ՀՊՄՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պ․գ․դ․պրոֆ․ Աշոտ Փիլիպոսյանը,  ՀՀ մշակույթի նախարարի  խորհրդական Սերժիկ Առաքելյանը, Հայաստանի ազգագրության և ազգային-ազատագրական պայքարի պետական թանգարանի տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալ, ազգագրագետ , պ.գ.թ. Սվետլանա Պողոսյանը և այլք։ Նրանք անդրադարձել են Լ․ Բարսեղյանի գիտնական, թանգարանագետ, ընկեր, ուսուցիչ տեսակին, հուշարձանների պահպանության բնագավառում և Հայոց ազգագրության թանգարանի հիմնադրման և կայացման գործում նրա մեծ ավանդին, հայկական գորգերի պահպանման, ցուցադրման և ուսումնասիրման թանգարան ստեղծելու գաղափարին, ներկայացրել  են  Լ․ Բարսեղյանի թանգարանագիտական գործունեությունը  ՀՊՄՀ-ում, մոսկովյան  նախագծերը և այլն։

Անվանի գիտնականի ջանքերով 1988 թ. կազմավորվել է Արգելոց-թանգարանների միացյալ դիրեկցիան, որի իրավահաջորդը «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն է։ Լ. Բարսեղյանը նախաձեռնել և ղեկավարել է տասնյակից ավելի հուշարձանների վերականգնման աշխատանքներ, այդ թվում Զվարթնոց և Գառնի տաճարները, Էրեբունի ամրոցը, Գնդեվանքը։ Նրա նախաձեռնությամբ է նորոգվել Դսեղում Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը։

 

«Լավրենտի Բարսեղյանը մի  մարդ է, ով ապրեց և ուղենիշ դարձավ շատ երիտասարդների համար։ Ինչպես հայտնի լուսանկարում  է  պատկերված, (Լ․ Բարսեղյանը նստած է Զվարթնոցի տաճարում դրված բարձր աստիճանին) նա կարծես երկինք գնացող աստիճանին է, որը նրան տանում է երկնային հավերժություն․ այդպիսին էր նա` Լավրենտի Բարսեղյանը»․- այսպես է իր խոսքը եզրափակել  Ա․ Փիլիպոսյանը։