«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Երևանի մարզային ծառայություն աշխատակիցները, սահմանված գրաֆիկի համաձայն, շրջայցով եղել են մայրաքաղաքի Նոր-Նորք և Ավան համայնքների հուշարձանների տարածքներում: Պետական սեփականություն համարվող եւ չօգտագործվող հուշարձաններից 500-ը գտնվում է մայրաքաղաքում, դրանցից 234-ը` վերոնշյալ երկու համայնքներում:
ՊՄՊ մարզային ծառայության պետ Վրեժ Հաջյանը և պետի տեղակալ Տիգրան Քյոսինյանը դիտարկել են Նոր-Նորք համայնքի «Տիգրան մեծ» հանգստի գոտում գտնվող 7 հուշարձանի տարածքն ու ժայռապատկերների բլուրը: 16-րդ դարով թվագրվող ձիու տեսքով երկու տապանաքարերը /տեղափոխվել են Սյունիքի մարզի Գորայք գյուղից/ և խոյատապանները /տեղափոխվել են Արագածոտնի մարզի Ավան գյուղից/: Մ/ծ աշխատակիցները եղել են նաև համայնքում գտնվող այլ հուշարձանների տարածքներում` արձանագրել պահպանվածության վիճակն ու սահմանված կարգի համաձայն լուսանկարել դրանք: «Տիգրան մեծ» հանգստի գոտում են գտնվում նաև ձկնակերպ և ցլակերպ վիշապաքարերը /մ.թ.ա. 2-րդ հազարամյակ/: Հանգստի գոտու վերջնամասում է ժայռապատկերների բլուրը:
ՊՄՊ մարզային ծառայության պատասխանատուների շրջայցի հաջորդ կանգառը Ավան վարչական շրջանում էր: Նրանք եղել են 7-րդ դարով թվագրվող Սուրբ Աստվածածին (Կաթողիկե, Ծիրանավոր) և 7-13-րդ դարերով թվագրվող Սբ. Հովհաննես ու Սբ․ Աստվածածին հուշարձանների տարածքներում /խոնարհվել են 1679 թ. ավերիչ երկրաշարժի հետևանքով/:
Շրջայցի ավարտին, մարզային ծառայության պատասխանատուները փաստել են, որ հուշարձանների տարածքներում իրավախախտման, հուշարձանի արտաքին տեսքի վնասման, աղճատման դեպքեր չեն արձանագրվել:
Նշենք, որ մարզային ծառայության պատասխանատուների նախաձեռնությամբ ապրիլի 18-ին` հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը ժամկետային զինծառայողների, հանրակրթական դպրոցների աշակերտների մասնակցությամբ հուշարձանների տարածքներում սանմաքրման ու բարեկարգման աշխատանքներ կիրականացվեն:
Հեղ. Մ. Մակարյան