«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Կարեն Փահլևանյանը և օպերատիվ արձագանքման բաժնի մասնագետ Հրայր Օհանյանը աշխատանքային շրջայց են կատարել Ալավերդի քաղաքի խոշորացված համայնքի մի շարք հուշարձանների տարածքներում։ Նրանք եղել են Սանահինի, Հաղպատի, Սեդվու վանական համալիրների տարածքներում, ծանոթացել Սանահինի կամրջի ներկա վիճակին, շրջել Աքորի բնակավայրում գտնվող միջնադարյան գերեզմանատանը, Ագեղցի, Բգավոր և Սեդվի գյուղատեղիների և այլ հուշարձանների տարածքներում։ Շրջայցի ավարտին փաստել են, որ խնդիրները տարբեր են և յուրաքանչյուր հուշարձանի խնդրի լուծում իր առանձնահատկությունն ունի։
ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալը հանդիպել է Ալավերդի համայնքի ղեկավարի և խոշորացված համայնքներում նրա ներկայացուցիչների հետ, քննարկել հուշարձանների պահպանության գործում համայնքների՝ օրենքով սահմանված լիազորությունների հետ կապված հարցեր՝ աղբահանություն, բուսածածկի հեռացում, հուշարձանը վտանգող տարաբնույթ աշխատանքների կանխում և այլն։