Անկախության 21-րդ տարեդարձի համատեքստում «Պատմամշակութային արգելոց-թանգարանների ու պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները սեպտեմբերի 26-ին եւ 27-ին եղան մայրաքաղաքի զորմասերում։ Այցելությունները շարունակական են, ընտրված թեման էլ՝ ոչ պատահական։ ՊՈԱԿ-ի Երեւանի մարզային ծառայության պետ Արմեն Մկրտչյանը զինծառայողներին ներկայացրեց գերատեսչության իրավասությունները, հուշարձանների պահպանության վիճակը, հանրահռչակման ուղղությամբ տարվող աշխատանքները։
«Հուշարձանը մեր սեփականությունն է եւ մեզանից յուրաքանչյուրը պետք է անձնական սրտացավություն դրսեւորի պատմամշակութային ժառանգության հանդեպ։ Պարտավոր ենք պահպանել ու փոխանցել այն հետագա սերունդներին։ Հուշարձանները մեր ամենօրյա հոգածության ու ուշադրության ներքո պետք է լինեն»- իր խոսքում նշեց Ա.Մկրտչյանը։ Նա անդրադարձավ վաղ միջնադարի ճարտարապետական, ինչպես նաեւ ժամանակակից շինություններին, դրանց ներկա վիճակին։
Բավականին ակտիվ ու անկաշկանդ զրույց-քննարկում ծավալվեց զինծառայողների եւ ՊՈԱԿ-ի աշխատակիցների միջեւ։ Նրանց հետաքրքող հարցերի շրջանակն ընդգրկուն էր՝ վաղ շրջանի ճարտարապետությունից մինչեւ մեր օրերը։ Հարցեր եղան նաեւ կապված Փակ շուկայի, Աֆրիկյանների, Արամ Մանուկյանի տան մասին։ Բոլոր հարցերին սպառիչ պատասխաններ տրվեցին։ Զինծառայողներն իրենց հերթին տեղեկացրին, որ հուշարձանների պահպանության միջազգային օրը մասնակցել են հուշարձանների մաքրման աշխատանքներին։
Դասախոսության ավարտին զորամասերի զինծառայողներին ներկայացվեց «Գլաձորի համալսարան» փաստավավերագրական ֆիլմը, որը պատմում է 1280 թ. կառուցված կրթօջախի՝ հայկական մշակույթի, գիտության ու հոգեւոր արժեքների պահպանման գործում ունեցած նշանակալի ավանդի մասին։
ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները վստահեցրին, որ այսօրինակ միջոցառումները ռազամավարժական ուսումնարանի կուրսանտների համար շարունակական կլինեն։