Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 100 ամյակի առթիվ և «Նոր կյանք խաչքարերին» ծրագրի շրջանակում, Վայոց ձորի ու Գեղարքունիքի մարզերում կանգնեցվել են ընկած և կիսով չափ հողի մեջ թաղված խաչքարեր։
ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության պատասխանատուների ու համայնքի բնակիչների ջանքերով Մալիշկա համայնքում չորս խաչքար է կանգնեցվել։ Դրանցից մեկը գտնվել է հողի շերտի տակ, մյուսները` կողաշրջված կամ ուղղակի ընկած են եղել:
ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության ու Մարտունու քաղաքապետարանի համագործակցության արդյունքում էլ «Գերեզմանոց» հուշարձանի տարածքում գտնվող ընկած խաչքարերի կանգնեցման և հողի մեջ կիսով չափ թաղված տապանաքարերի մաքրման աշխատանքներ են իրականացվել: Արդյունքում` բարձրացվել է չորս խաչքար, մաքրվել` տասը տապանաքար:
Միջոցառման ավարտին, որին մասնակցել են Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը, ՊՄՊ մարզային ծառայության պետ Գոռ Գասպարյանը ներկայացրել է Հայաստանի Առաջին հանրապետության տարիներին ընդունված այն իրավական ակտերը, որոնք կարգավորել են հնությունների պահպանության և ուսումնասիրման աշխատանքները: Մարտունու քաղաքապետին է հանձնվել ոլորտին առնչվող գործող իրավական ակտերի փաթեթը: