Մասնագիտությամբ ինժեներ Տիգրան Ֆաբրիկատորյանն առաջին անգամ հայրենիք է եկել 2007թ-ին: Նրա նախնիները ծնունդով Արևմտյան Հայաստանից են եղել, ովքեր ցեղասպանությունից փրկվելու համար 1915-ին բռնել են գաղթի ճամփան: Հայկական արմատները Ֆաբրիկատորյանը երբեք չի մոռացել, որտեղ էլ ապրել է` Եգիպտոս, Կանադա: 1965-ին ընտանիքը տեղափոխվել է Ավստրալիա, որտեղ էլ ապրում են մինչ օրս: Սիդնեյում Տիգրան Ֆաբրիկատորյանը իրեն շրջապատել է հայկական միջավայրով: Գրեթե նույն ճակատագիրն ունեցող հայուհի կնոջ` Վիվիեն Մանուկյանի հետ արդեն չորրորդ անգամն է Հայաստանում: Անկեղծանում է` կարոտում է հողն ու ջուրը: Պարոն Տիգրանը, սակայն, հայրենիք է գալիս է ոչ միայն կարոտն առնելու: Հայրենիքի հանդեպ ունեցած պարտքի զգացումը, հայրենիքին ինչ որ ձևով օգտակար լինելու մեծ ցանկությունը նրան մտերմացրել է «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի աշխատակազմի հետ:
«Մեծամոր»-ում նրան միշտ և սիրով են սպասում, ինչպես ինքն է ասում` այդ գեղեցիկ ու կայացած ընտանիքի անդամն է: Տևական ժամանակ է, որ պարոն Տիգրանն իր համեստ ավանդն է ներդնում արգելոց-թանգարանի ցուցադրության էթիքեթների անգլերեն թարգմանության հարցում:
«Երկու շաբաթ է եկել եմ Հայաստան տիկնոջս` Վիվենի հետ: 2007 թ.-ին երբ առաջին անգամ թանգարան այցելեցի` սիրահարվեցի, թեև փոքր թվաց ու պայմաններն էլ ոչ բարվոք», – անկեղծանում է մեր քչախոս զրուցակիցը:
Սիդնեյ վերադառնալուց հետո պարոն Տիգրանին հանգիստ չի տալիս թանգարանին ինչ որ կերպ օգտակար լինելու միտքը: Հաջորդ տարի Տիգրան Ֆաբրիկատորյանը կրկին այցելում է Մեծամոր, ուր արդեն տեղում որոշում է օգնել էքսկուրսիոն տեքստերի, բացատրագրերի թարգմանությունների հարցում:
«Շուրջ մեկ ամիս մնացի Հայաստանում, աշխատեցինք արգելոց-թանգարանի աշխատակիցների հետ: Սիդնեյ վերադառնալուց հետո էլ կապը պահում էինք համացանցով, հեռախոսով», -ասում է նա ու որպես ապացույց հեռախոսագրքի մեջ ցույց տալիս արգելոց-թանգարանի աշխատակցուհու հեռախոսահամարը:
«Հարզատներիս համարների կողքին նաև քոնն եմ պահում»- ժպիտով հայացքն ուղղելով ֆոնդապահ Մարինե Մովսիսյանին շարունակում է նա:
«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի աշխատակազմը նրա համար հարազատ է, նույնքան հարազատ է նաև թանգարանը: Մասնագիտությամբ ինժիները հատուկ սրտացավությամբ ու հպարտությամբ խոստովանում է` հիմա ամեն ինչ հոյակապ է: Նրա խոսքով թանգարանում այսօր բացառիկ ցուցանմուշներ են ներկայացված` ինչը տպավորիչ է:
Տ. Ֆաբրիկատորյանի այս տարվա այցը համընկել էր Մեծամոր հնավայրի տարածքում հնագիտական արշավախմբի պեղումների հետ:
«Հնարավորություն ունեցա նաև պեղավայրում լինել: Մի քանի տարի առաջ պեղումների ժամանակ, երբ հնագիտական արշավախումբը գտավ «Իզաբելլային» ես ներկա էի այդ հետաքրքիր իրադարձությանը», -ասում է թանգարանի լավագույն բարեկամն ու վերհիշում, թե ինչպես են հնագետները հայտնաբերված մարդկային կմախքին անուն որոշել ու ի վերջո Իզաբելա «կոչել»:
Իզաբելան Մեծամոր հնավայրի քաղաքային թաղամասից հայտնաբերված առաջին ամբողջական կմախքն է, որն այսօր պահվում է ՊՈԱԿ-ի ֆոնդերում: Հետագայում այն ևս կներկայացվի մշտական ցուցադրությունում:
Մեր զրույցին մեղմ ժպիտով հետևող Տ. Ֆաբրիկատորյանի կինը` տիկին Վիվիենը անկեղծանում է` իրապես տպավորված եմ այս գեղեցկությամբ:
Ամուսինները Ավստրալիայում ապրող իրենց ընկերներին էլ հորդորում են գալ Հայաստան ու տեսնել հայրենիքի գեղեցկությունը, զգալ այն անբացատրելի ուժն ու ջերմությունը, որ ամեն անգամ իրենք են զգում: Պարոն Տիգրանն ասում է, որ ջանքերը զուր չեն անցել: Ընկերներից ոմանք եկել են ու երբ վերադարձել են` կիսվել են Հայաստանի Պատմության թանգարանից, Մատենադարանից ու մշակութային ժառանգության հրաշալի այլ վայրերից ստացած իրենց տպավորություններով:
Ինչ վերաբերում է գաղափարներին, ապա պարոն Տիգրանը դրանցով պարբերաբար կիսվում է արգելոց-թանգարանի վարիչ Արտավազդ Զաքյանի հետ:
«Ամենամեծ ցանկությունս է, որ բարեկարգվի թանգարան տանող ճանապարհը», -ասում է մեր զրուցակիցը: Երբ տեղեկացնում ենք, որ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն այդ ուղղությամբ ՏԻ մարմինների հետ հստակ աշխատանքներ է իրականացնում դեմքին մեղմ ժպիտով եզրափակում է խոսքը` դա նաև զբոսաշրջության զարգացմանը կնպաստի: