Մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով։ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Երեւանի մարզային ծառայության պետ Արմեն Մկրտչյանը նոյեմբերի 23-ին այցելել է Քանաթեռ-Զեյթուն համայնքի թիվ 84 եւ 85 հանրակրթական դպրոցներ: Նպատակը ՝ կրթօջախների ու մշակույթի ոլորտի միջեւ գործակցությունը սերտացնելն է, աշակերտների շրջանում մշակութային ժառանգության մասին ավելի խորը գիտելիքներ փոխանցելն ու պատմամշակութային ժառանգության հանրահռչակումն է։
Ավագ դասարանների աշակերտների համար Ա. Մկրտչյանը դասախոսել է «Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգությունը» թեմայով։ ՊՄՊ Երեւանի մարզային ծառայության պետը ներկայացրել է մայրաքաղաքի հուշարձանները, դրանց պահպանությանն առնչվող խնդիրները։ Նա շեշտել է, որ հուշարձանների առկայությունը համայնքում պարտավորեցնում է սրտացավ ու զգոն լինել մեր ժառանգության հանդեպ։
Հանրակրթական դպրոցների աշակերտները պարբերաբար մասնակցում են են մայրաքաղաքում կազմակերպված հուշարձանների մաքրման ու բարեկարգման աշխատանքներին եւ բավականին տեղեկացված էին հուշարձանների ոլորտի մասին։ Թիվ 84 դպրոցում պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մաքրման ու բարեկարգման ծրագիր իրականացնել նաեւ «Եռաբլուր» պանթեոնի տարածքում։