ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ ԵՆ ԶՈՐԱՑ ՔԱՐԵՐ ՀՆԱՎԱՅՐԻ ԱՎԵՐՎԱԾ ԴԱՄԲԱՐԱՆԻՑ ՊԵՂՎԱԾ ՆՅՈՒԹԵՐԸ

ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ ԵՆ ԶՈՐԱՑ ՔԱՐԵՐ ՀՆԱՎԱՅՐԻ ԱՎԵՐՎԱԾ ԴԱՄԲԱՐԱՆԻՑ ՊԵՂՎԱԾ ՆՅՈՒԹԵՐԸ

«Զորաց քարեր» բնակատեղի պատմամշակութային արգելոցի տարածքում նախորդ տարի շարունակվել են հնագիտական արշախախմբի պեղումները: Զորաց քարեր հնավայրի շատ տարիներ առաջ թալանված դամբարանի պեղումներից հայտնաբերված շուրջ 3000 բեկոր մաքրել ու  դասակարգել են «Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լաբորատորիայի բաժնի աշխատակիցները:

«Մի քանի ամիս տևած աշխատանքի արդյունքում խեցեղենի բեկորներից  վերականգնել ենք շուրջ 150 առարկաներ` սափորներ, անոթներ, կճուճներ, քրեղան, սկուտեղ և այլն: Լաբորատորիայի վարիչ Տիգրան Զաքյանի խոսքով, դրանք թալանված դամբարանի առարկաներ էին, ամբողջական /չվնասված/ գտածո չկար:

Լաբորատորիայի աշխատակիցները ոգևորված են արդյունքներից. անսպասելի էր, որ այդքան շատ առարկա կհավաքվեր: Մասնագիտական հմտության ու բարձր պրոֆեսիոնալիզմի արդյունքում նրանք կարողացել են «մասնիկներից»  ստանալ հնագիտական ամբողջական առարկայի գրեթե 70 կամ 90 տոկոսը, իսկ  բացակա հատվածները կլրացվեն գիպսով` ամբողջացնելով առարկայի տեսքը:

«Անշուշտ կան առարկաներ, որոնց շուրջ 30 տոկոսն է մեզ հասել բեկորային վիճակում: Վերականգնել ենք ու առաջիկայում դրանք կհամալրեն ՊՈԱԿ-ի հնագիտության ֆոնդը, քանի որ  հնագիտական բացառիկ նշանակություն ունեցող  առարկաներ են», -նշել է Տիգրան Զաքյանը:

Նրա փոխանցմամբ լաբորատորիայում մաքրվել ու վերականգնվել են նաև մետաղից առարկաներ` մատանի, երկաթից  նիզակ, ականջօղեր, սարդիոնից, ապակուց պատրաստված ուլունքահատիկներ, սափոր, 9,5 սմ երկարությամբ  մասխիլ /մաքրելուց հետո եզրերին գծանախշեր են եղել/:  Տարբեր ժամանակաշրջաններն ընդգրկող առարկաների թվում վարպետությամբ աչքի են ընկնում երվանդունիների ժամանակաշրջանով թվագրվող սափորն ու ուշ բրոնզի ժամանակաշրջանով թվագրվող  ստուկեղը /40 սմ երկարությամբ ու 40 սմ  լայնությամբ/:

«Աշխատանքն ավելի հետաքրքիր է, քանի որ գործ ունենք տարբեր ժամանակաշրջաններն ընդգրկող  նյութի  հետ», -նշում է լաբորատորիայի վերականգնող Աստղիկ Սիմոնյանը:

Ներսես Մամիկոնյանը  աշխատել է մետաղի առարկաների հետ: Նրա խոսքով յուրաքանչյուր առարկայի վերականգնում հետաքրքիր է յուրովի: Չնայած բոլորն էլ  առանձնահատուկ խնամք ու  հոգատարություն են պահանջում:

ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Զորաց քարեր հնավայրի տարածքում պեղումներ իրականացրած արշավախմբի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանի համոզմամբ վերականգնման լաբորատորիայի աշխատակիցները շատ կարևոր, շնորհակալ ու մնայուն աշխատանք են կատարել:

«Առաջին անգամ վերականգնվում են Զորաց քարեր հնավայրի ավերված դամբարանից պեղված նյութերը: Սրանք առաջին հնագիտական «ծիծեռնակներն» են, որոնք հետագայում կզարդարեն այն ապագա թանգարանի ցուցադրությունը, որը նախատեսվում է կառուցել Զորաց քարերի մոտ՝ համաշխարհային հնավայրը դարձնելով միջազգային զբոսաշրջության կարևոր կենտրոն», -ասել է Աշոտ Փիլիպոսյանը:

Առարկաներն արդեն ՊՈԱԿ-ի նախնական ֆոնդում են` հերթական համար ու մասնագիտական նկարագրություն /բնութագիր/  ստանալուց հետո դրանք կհամալրեն ՊՈԱԿ-ի հնագիտության ֆոնդը: