«Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը կրթական ծրագրերի շրջանակում պարբերաբար միջոցառումներ է իրականացնում իր մասնաճյուղ արգելոց-թանգարաններում: Հերթական հանդիպումը ուսանողների հետ՝ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում էր: Հյուրընկալվել էին Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի համալսարանի (ՀՃՇԱՀ) ճարտարապետության ու զբոսաշրջության ֆակուլտետների առաջին և երկրորդ կուրսերի ուսանողները:
Դասախոսությունը սկսվել է էքսկուրսիայով արգելոց-թանգարանի տարածքում: Ապագա ճարտարապետներին ներկայացվել է հուշարձանի պատմական արժեքը, ճարտարապետական նշանակությունը: Մակետների վրա ու ավանդապատումների միջոցով ուսանողներին ծանոթացրել են մշակութային ժառանգության անգնահատելի գոհարներից մի քանիսի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության ներքո գտնվող հուշարձանների ցանկում ընդգրկված Հաղպատի վանական համալիրի, Գնդեվանքի, Սուրբ Ստեփանոս վանքի, Լմբատավանքի (Սբ. Ստեփանոս եկեղեցու) ճարտարապետությունը:
Ուսանողներից մեկը հենց դասի ընթացքում թղթին է հանձնել իր պատկերացմամբ Սուրբ Ստեփանոս եկեղեցին:
Ճարտարապետություն առարկայի դասախոսությամբ հանդես է եկել համալսարանի դասախոս, ճարատարապետության թեկնածու, դոցենտ Նատալյա Թադևոսյանը:
Դասախոսության ավարտին «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները ներկայացրել են նաև կազմակերպության գործառույթները, մյուս մասնաճյուղ արգելոց-թանգարանները:
Զբոսաշրջության ֆակուլտետի ուսանողների հետ զրույցը սկսվել է նեղ մասնագիտական ոլորտից՝ կարևորվել է զբոսաշրջության զարգացումը հուշարձանների տարածքներում և դրա արդյունավետ կազմակերպումը: Բանախոսները նշել են, որ Հայաստանի պատմաճարտարապետական գեղեցկությունը աշխարհին գեղեցիկ ներկայացնելը նաև ապագա զբոսավարների գրագետ աշխատանքով է պայմանավորված:
Հանդիպման ավարտին համագործակցությունը սերտացնելու և կրթական այլ ծրագրեր իրականացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: