ԱՊՀ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ԱՊՀ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ

2013-01-31T09:25:23+00:00 31/01/2013|Լրահոս|

ԱՊՀ գործադիր կոմիտեի համաքաղաքական եւ սոցիալական հիմնախնդիրների, հումանիտար համագործակցության դեպարտամենտի մշակույթի, սպորտի, զբոսաշրջության եւ երիտասարդության ոլարտում համագործակցության բաժնի խորհրդատու Ելենա Սեմենովիչն ու ՌԴ մշակույթի նախարարության տեղեկատվական քաղաքականության եւ միջազգային կապերի դեպարտամենտի ԱՊՀ եւ հայրենակիցների հետ աշխատանքի բաժնի գլխավոր մասնագետ-փորձագետ Դարյա Կիսելյովան հյուրընկալվել են ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում:

Հյուրերին ներկայացվել են մշակութային ժառանգության պահպանման, հանրահռչակման ուղղությամբ ՊՈԱԿ-ի իրականացրած ծրագրերը, մասնավորապես «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում 2012 թ. հուլիսին ՀՈՒՋ ուսանողական կամավորական ջոկատների համար միջազգային աշխատանքային ճամբարի հիմնումը, հենաշարժողական խնդիրներ ունեցող երիտասարդների համար իրականացրած ծրագիրը: Նշվեց, որ ՊՈԱԿ-ը մասնակցել է նախորդ տարի ամռանը Երևանում և Ստեփանակերտում «Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգությունը» միջազգային գիտաժողովի կազմակերպման ու անցկացման աշխատանքներին, կյանքի կոչել նաեւ կրթական ծրագրեր:

ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը տեղեկացրել է, որ ծառայությունը, որպես գործընկեր, մասնակցել է նաեւ Թանգարանների միջազգային խորհրդի /ԻԿՕՄ/ Կրթության եւ մշակութային գործունեության միջազգային խորհրդի /ՍԵԿԱ/ գիտաժողովին, որի արդյունքում ԻԿՕՄ-ՍԵԿԱ-ի ղեկավարության կողմից «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը պարգեւատրվել է շնորհակալագրով աջակցության ու արդյունավետ համագործակցության համար: 2011-ին էլ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ծառայությունն արժանացել է «Մելինա Մերկուրի» մրցանակին` Գառնիի լանդշաֆտի լավագույն պահպանության համար:

Հյուրերը սլայդ շոուի միջոցով ծանոթացան նաեւ «Art Expo» ամենամյա ցուցահանդեսներ ՊՈԱԿ-ի մասնակցություններին: Նշվեց, որ «Art Expo»-ին ՊՈԱԿ-ը մասնակցում է 2011-ից եւ նախորդ տարի ներկայացրել է մասնավորապես «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոց-թանգարան հիմնելու նախագիծ-առաջարկը: Բելառուսի ներկայացուցիչ Ելենա Սեմենովիչը մասնավորապես տեղեկացրեց, որ մտադիր են Մոսկվայում ստեղծել ԱՊՀ մշակութային ժառանգության պահպանության կենտրոն, որի կազմում կընդգրկվեն ԱՊՀ անդամ պետությունների մշակութային ոլորտների ներկայացուցիչները: Տկն Սեմենովիչի խոսքով, ներկայում մշակվում է կենտրոնի ստեղծման նախագիծը: ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը, ողջունելով գաղափարը, շեշտեց ՌԴ Դ. Լիխաչովի անվան բնական պաշարների ինստիտուտի հետ ունեցած արդյունավետ գործակցությունը, պատրաստակամություն հայտնեց համագործակցել նաեւ ստեղծվելիք կառույցի հետ:

ՊՈԱԿ-ի տնօրենի` գիտական աշխատանքների գծով տեղակալ Աշոտ Փիլիպոսյանն էլ անդրադարձել է ՊՈԱԿ-ի կողմից իրականացված գիտական աշխատանքներին, հրատարակչություններին: Նշվել է, որ սկսած 2011 թ.-ից ծառայությունն իր աշխատանքների արդյունքներն ամփոփում է տարեկան հաշվետության տեղեկագրքերով: