ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆԸ` ՀԱՅ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ

ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆԸ` ՀԱՅ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ

Հանրային հեռուստաընկերության «Հայոց հարց» հաղորդաշարի հերթական թեման նվիրված էր անվանի ճարտարապետ Թորոս Թորամանյանի գործունեությանը, հայ ճարտարապետության մեջ նրա ունեցած անգնահատելի ավանդին: Հաղորդման հյուրերն էին ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի` գիտական աշխատանքների գծով տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը, պատմական գիտությունների թեկնածու Կորյուն Ղաֆադարյանը, ճարտարապետության դոկտոր Դավիթ Քերթմենջյանը, այլք:

Մասնակիցները ներկայացրել են Թորամանյան ճարտարապետի դերը հայ ճարտարապետության գիտական ուսումնասիրման հիմքի ստեղծման գործում: Անվանի ճարտարապետը ծնունդով Արեւմտյան Հայաստանից էր, կրթություն ստացել էր Կ. Պոլսում, ապա արվեստի ու ճարտարապետության դասեր ունկնդրել Սորբոնի համալսարանում: 1904 թ. Թորամանյանը մասնակցել է «Զվարթնոց» տաճարի հետազոտական աշխատանքներին, մանրազնին ուսումնասիրության հիման վրա կազմել հուշարձանի հատակագիծը, վերականգնել տաճարի ճարտարապետական կերպարը: Իսկ Անիում կատարած աշխատանքների համար Թորամանյանն արժանացել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Խրիմյան Հայրիկի ու նշանավոր հայագետ, Էջմիածնի միաբան Գ. Տեր-Մկրտչյանի խրախուսանքներին:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի` գիտական աշխատանքների գծով տեղակալ Աշոտ Փիլիպոսյանը հաղորդման ընթացքում խոսել է Թորամանյանի գիտական ժառանգության հավաքման, հանրահռչակման եւ հրատարակման մասին:

«Մեկ ընտանիքի երկու սերունդ ամբողջությամբ զբաղված է Թորամանյանի գիտական գործունեության ուսումնասիրությամբ: Տասնամյակների ընթացքում նրա ծավալած  գործունեությունն ամփոփվել ու հրատարակվել է 1942 եւ 1948 թթ. Կարո Ղաֆադարյանի ծանոթագրություններով  եւ խմբագրությամբ / երկու հատորով/»:

Իսկ արդեն 60 տարի անց` 2008 թ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը ձեռնամուխ է եղել Թ. Թորամանյանի արխիվային նյութերի հրատարակման գործին: Ի դեպ, «Անիի Մայր տաճարը» , «Անիի Տիգրան Հոնենց» եկեղեցին» պրակներն արդեն լույս են տեսել, իսկ «Անիի Պահլավույնյաց եկեղեցիները» պրակը հանձնված է տպագրության: Այն հրատարակության են պատրաստել ՊՈԱԿ-ի ֆոնդերի հաշվառման եւ պահպանման բաժնի վարիչ Գայանե Հովհաննիսյանը եւ նույն բաժնի ավագ գիտաշխատող, անվանի ճարտարապետի որդին` Գրիգոր Ղաֆադարյանը: