«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ»` ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ

«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ»` ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ

2013-03-01T16:03:19+00:00 01/03/2013|Լրահոս|

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում այսօր մեկնարկել է CTS 2013 12-րդ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը: Այն կազմակերպվում է Ճամփորդական Գործակալների Հայկական Միության (AATA) և Ճամփորդական Գործակալների Ամերիկյան Միության (ASTA) հայաստանյան ներկայացուցչության կողմից` ՀՀ էկոնոմիկայի նախարարության հովանու ներքո: 2011-ին ցուցահանդեսին մասնակցել է 92 կազմակերպություն` ճամփորդական գործակալություններ, տուրօպերատորներ, ավիաընկերություններ, հյուրանոցներ, հանգստյան տներ, ապահովագրական ընկերություններ եւ այլն: 2013-ի ցուցահանդեսի ուղղվածությունը տարածաշրջանային է եւ ավելի շատ առնչվում է մեր երկրում գործող սոցիալական փաթեթներին եւ հանգստի հնարավորություններին Հայաստանում, Արցախում:

Ցուցահանդեսը խոսուն էր մասնակիցների առումով. Վրաստան, Արգենտինա, Հունաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եւ այլն: Առանձին տաղավարով ներկայացված էր նաեւ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը: Ցուցահանդեսին ներկայացվել են «Անիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցական համալիրը», «Անիի մայր տաճարը», «Մոմիկը» ու այլ գրքեր, ինչպես նաեւ «Գառնի», «Զվարթնոց», «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանների , «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի ուղեցույցներ, գլուխկոտրուկներ, «Գլաձորի համալսարան», «Արցախի հրաշալիքները» ֆիլմերը:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի` գիտական աշխատանքների գծով տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի խոսքով` զբոսաշրջության զարգացման տեսանկյունից այսօրինակ միջոցառումները շատ կարեւոր են,համագործակցության սկիզբ ու այդ բազմակողմանի կապերի ամրապնդման հիմք են դնում: Մշակույթը եւ մշակութային ոլորտը յուրովի նպաստում են նաեւ զբոսաշրջության զարգացմանը: Նրա մեկնաբանությամբ, տաղավարում ներկայացված են ՊՈԱԿ-ի մասնաճյուղ թանգարանները, արգելոց-թանգարանները, իսկ դրանց հանրահռչակումը պահպանության ծառայության համար ավելի քան կարեւոր է:

Որպես գերակա ուղղություն, կառավարությունը հռչակել է զբոսաշրջության զարգացումը»,- իր խոսքում շեշտեց ցուցահանդեսին ներկա էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը, հավելելով, որ նման միջոցառումները խթանում են նոր գործարար միջավայր ձեւավորելուն ու ոլորտի խնդիրների լուծման արդյունավետ մեխանիզմներ գտնելուն: :

CTS 2013 12-րդ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը կտեւի երկու օր. կեզրափակվի վաղը: