Ս. թ. սեպտեմբերի 1-14-ը Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում գտնվող Զորաց եկեղեցու տարածքում կամավորական ճամբար կհիմնվի: Եվրոպական տարբեր երկրներից Հայաստան կժամանեն երիտասարդ ճարտարապետներ, հուշարձանագետներ, վերականգնողներ: Թվով 14 կամավորները երկու շաբաթվա ընթացքում կծանոնթանան հայկական մշակութային ժառանգությանը, կլինեն տարբեր հուշարձանների տարածքներում:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը և «Եվրոպական ժառանգության կամավորներ» կազմակերպության տնօրեն Բերտ Լյուդվիգը, ՊՄՊ Վայոց Ձորի մարզային ծառայության պատասխանատուների ուղեկցությամբ, երեկ եղել են հուշարձանի տարածքում՝ ծանոթացել պայմաններին, որտեղ նախատեսվում է կազմակերպել ճամբարը:
Միջազգային կամավորական ճամբար հիմնելու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2018 թ. նոյեմբերին՝ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի՝ Գերմանիա այցի ընթացքում: Հայկական պատվիրակությունը Լայպցիգում Դենկմալ Էքսպոյին ներկայացել էր «Զորաց Եկեղեցի արգելավայրը և շրջակա հուշարձանները» թեմայով զեկուցումով: Մասնակիցները հետաքրքրություն էին ցուցաբերել առաջարկի նկատմամբ: Պայմանավորվել էին՝ կամավորները կմասնակցեն Զորաց վանքի և շրջակա տարածքի բարեկարգման, խոտածածկի մաքրման, հուշարձանի բեկորների անձնագրավորման և այլ աշխատանքներին: Կամավորական ճամբարի մասնակիցները 14 օրերի ընթացքում ուսումնասիրելու են նաև տարածաշրջանի այլ հուշարձաններ՝ Գեղարքունիքի մարզի Նորատուսի խաչքարադաշտը: Կլինեն նաև՝ Նորավանքում, Արատեսում:
Սեպտեմբերի 4-6-ը Վայոց ձորի մարզում միջազգային գիտաժողով ու Գլաձորի համալսարանի հիմնադրման 735 ամյակին նվիրված միջոցառումներ են նախատեսվում: Եվրոպացի կամավորները կմասնակցեն նաև այդ միջոցառումներին՝ զեկուցումներ կլսեն միջնադարյան Հայաստանի ամենախոշոր ուսումնական կենտրոնի մասին, կլինեն Թանահատի վանական համալիրի տարածքում, «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանում: