ՓԵՏՐՎԱՐԻՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐ ՉԵՆ ԳՐԱՆՑՎԵԼ

ՓԵՏՐՎԱՐԻՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐ ՉԵՆ ԳՐԱՆՑՎԵԼ

2018-03-29T15:58:08+00:00 21/03/2013|Լոռի, Լրահոս|

Լոռու մարզի ՊՄՊ ծառայությունը ս. թ. փետրվարին շրջայցերով եղել է մարզի Ղուրսալ, Նոր Խաչկապ, Քարաբերդ, Գուգարք, Բազում, Գարգառ, Ամրակից, Վանաձոր, Ալավերդի համայնքներում: Ծառայությունն արձանագրել է հուշարձանների պահպանվածության վիճակը, կազմել առավել վտանգված հուշարձանների ցուցակը` նշելով կատարվելիք անհրաժեշտ աշխատանքների բնույթը` նորոգում, ամրակայում, վերականգնում: Հուշարձանների առկա քանակը համեմատվել է ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված պետ. ցուցակի հետ: Նշված համայնքներում ցուցակների վրիպումներ եւ անճշտություններ չեն հայտնաբերվել:

Նախորդ ամսին կայացել է համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի երկու նիստ: Քննարկվել են մարզի Տաշիր, Ջիլիզա, Շնող, Թեղուտ, Սարահարթ, Շահումյան եւ Վահագնի համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում հողերի կատեգորիաների փոփոխության հարցերը: Նշված համայնքներում կատարվել են տեղազննման աշխատանքներ, եւ արդյունքների մասին զեկուցագիր է ներկայացվել: ՊՄՊ Լոռու մարզային ծառայությունը համագործակցել է համայնքների ղեկավարների հետ, նրանց է տրվել տեղեկույթ համայնքների տարածքներում հաշվառված հուշարձանների, պատմամշակութային նշանակություն ունեցող հողատարածքների, պատմական միջավայրի պահպանության վերաբերյալ օրենսդրության պահանջներից բխող գործառույթների մասին:

Հաշվետու ժամանակաշրջանում, ի կատարումն ՊՈԱԿ-ի տնօրենի համապատասխան հանձնարարականի, ՊՄՊ ծառայությունը համագործակցել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Լոռու մարզային վարչության աշխատակիցների հետ: Վերջիններիս կողմից տեղեկույթ է տրամադրվել մարզի տարերային վտանգների տեղամասերի վերաբերյալ: ՊՄՊ մարզային ծառայության կողմից այդ տեղեկատվության հիման վրա կազմել է տարերային վտանգների գոտիներում գտնվող հուշարձանների ցուցակ:

Ս. թ. փետրվար ամսին մարզում հուշարձանի ամրակայման, նորոգման ու վերականգնման աշխատանքներ չեն իրականացվել: Հուշարձանների, դրանց պահպանական գոտիների տարածքներում իրավախախտումներ եւ չհամաձայնեցված այլ բնույթի աշխատանքներ եւս չեն արձանագրվել: