Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Զորաց եկեղեցու հարևանությամբ գործող կամավորական ճամբարն ավարտեց իր աշխատանքը: Երկու շաբաթվա ընթացքում աշխարհի տարբեր երկրներից ժամանած երիտասարդները հասցրել են ծանոթանալ հայկական մշակույթին, եղել՝ միջնադարյան հուշարձանների տարածքներում։
Միջազգային կամավորական ճամբար հիմնելու գաղափարը «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանինն է եղել։ Այն կյանքի է կոչվել «Եվրոպական ժառանգության կամավորներ» կազմակերպության հետ համագործակցության արդյունքում։ Կառույցի տնօրեն Բերտ Լյուդվիգի, ՊՈԱԿ-ի ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության, «Արփի» բնապատմական արգելոցի պատասխանատուների հետ միասին կամավորները սանիտարական մաքրման ու բարեկարգման աշխատանքներ են իրականացրել հուշարձանների տարածքներում։ Նրանք նաև լուսանկարել, չափագրել ու քարտեզագրել են մշակութային կոթողները։
Մեկնումից առաջ կամավորներին հանդիպել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը։
«Ցանկացած սկիզբ նաև վերջ ունի, համաձայն եմ մեր հնդիկ ընկերոջ կարծիքին, ինձ համար ընդունելի ակնարկ է, որ հետագայում էլ ծրագիրը պետք է շարունակություն ունենա։ Կենդանի և աշխատող ծրագիր է։ Մենք մտածում էինք թերություններ կլինեն, չի աշխատի, սակայն, կարծում եմ հաջողվեց երկու շաբաթվա ընթացքում բարձր մակարդակով ապահովել ձեր կամավորական աշխատանքը», -իր խոսքում ասել է ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը։ Նա համոզմունք է հայտնել, որ կամավորները ջերմությամբ են արհատայտվելու Հայաստանի մասին միջազգային կամավորական խորհրդաժողովների, միջոցառումների ընթացքում։
«Ուզում եմ երախտիքի խոսք ասել Ձեզ ու վստահ լինել, որ կրկին կայցելեք մեր երկիր»,- ասել է Արա Թարվերդյանը։
Ճամբարականների աշխատանքը բարձր են գնահատել ու նրանց բարի ճանապարհ մաղթել Եղեգիս համայնքի պատասխանատու Արմեն Հակոբյանը ու ճամբարի պատասխանատու Անի Հարությունյանը։
ԱՄՆ-ից ժամանած Հելեն Քին հասցրել է երկու շաբաթվա ընթացքում սովորել հայերեն տառերը, դժվարությամբ բայց նաև հայերեն բառեր էր գործածում՝ բարև, շնորհակալություն, լավ եմ և այլն։ Հելենը հայերեն «խոսում» էր շատ նուրբ առոգանությամբ։ Ժպտերես ամերիկուհին իր երախտագիտությունը հայտնեց հայ ընկերներին, ճամբարի կազմակերպիչներին ու ՊՄՊ Վայոց ձորի հուշարձանապահպան գործընկերներին, ովքեր այս ընթացքում մշտապես իրենց հետ են եղել ու աջակցել աշխատանքներում։
Բուլղարացի Պետր Պետրովի փոխանցմամբ էլ սկզբում կարծում էին, որ միայն պիտի աշխատեին հուշարձանների տարածքներում, իսկ հիմա հայրենիք է վերադառնում վառ տպավորություններով, քանի որ հասցրել է լինել շատ հուշարձանների տարածքներում, ծանոթանալ դրանց ճարտարապետությանը։
ճամբարականները հասցրել են նաև անձնական տվյալներ փոխանակել, հետագայում էլ կապը միմյանց հետ պահելու ու ընկերությունը ամրացնելու համար։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Թարվերդյանը պատվոգրեր է հանձնել կամավորներին։
Հրաժեշտից առաջ օտարերկրացի երիտասարդները հայկական ժողովրդական երաժշտության հնչյունների ներքո պարել են։