ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԵՎ ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄ ԵՐԹԵՐ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ

ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԵՎ ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄ ԵՐԹԵՐ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ

2013-04-17T18:56:30+00:00 17/04/2013|Լրահոս|

Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային խորհրդի /ԻԿՕՄՕՍ/ առաջարկությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն շուրջ 30 տարի ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների պահպանության միջազգային օր: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն ամեն տարի ապրիլի 18-ին միջոցառումների շարք է անցկացնում Երեւանում, հանրապետության բոլոր մարզերում: ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանի կողմից ապրիլի 16-ին անցկացված խորհրդակցության ընթացքում հաստատվել է միջոցառումների ցանկը, համապատասխան հանձնարարականներ են տրվել ծառայությունների պետերին ու միջոցառումների պատասխանատուներին:

Ապրիլի 18-ին հանրապետության մարզերում եւ մայրաքաղաքում նախանշված են հուշարձանների ու դրանց հարակից տարածքների մաքրման աշխատանքներ, երթեր, բաց դասեր, լուսանկարների ցուցադրություններ։ «Բանակ- կրթություն-մշակույթ» համագործակցության շրջանակներում դեռ նախորդ տարվանից բազմաթիվ ծրագրեր են կյանքի կոչվել: Գործակցությունն արդյունավետ է ու շարունակական բնույթ է կրում: Մայրաքաղաքի ու մարզերի հանրակրթական 370 դպրոցների մի քանի հազար աշակերտների ու պաշտպանության նախարարության զորամասերի ժամկետային զինծառայողների կողմից վաղը կմաքրվեն ու կբարեկարգվեն 500-ից ավելի հուշարձանների հարակից տարածքներ: Մասնավորապես բաց դասեր կանցկացվեն Շիրակի, Արագածոտնի, Արարատի, Տավուշի, այլ մարզերի, ինչպես նաեւ Երեւանի հանրակրթական դպրոցներում:

«Լոռի բերդ» արգելոցում տեղի հիմնական դպրոցի տարրական դասարարնների աշակերտների հետ կանցկացվի բաց դաս` «Լոռի բերդի պատմությունը եւ Լոռի բերդի ստեղծման անհրաժեշտությունը» թեմայով: Կապանում, Վանաձորում, Գյումրիում նախատեսված են պատմաճարտարապետական հուշարձանների լուսանկարների ցուցահանդես: Վանաձորում եւ Եղեգնաձորում նաեւ երթեր կլինեն: Վանաձորի Ս. Աստվածածին եկեղեցու բակից /13-րդ դար/ ՊՄՊ մարզային ծառայության աշխատակիցները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ուսանողներն ու դպրոցականները երթով կհասնեն մինչեւ նորակառույց Ս. Գրիգոր Նարեկացի եկեղեցի, որտեղ էլ նախանշված է մարզի հուշարձանների լուսանկարների ցուցադրություն:

Վայոց ձորի Եղեգնաձոր մարզկենտրոնում եւս երթ է նախանշված: Մասնավորապես ժամը 13.00-ին Մոմիկի անվան զբոսայգուց երթի մասնակիցները կհասնեն Վարդանանց պատերազմի զոհերի հիշատակի խաչքարի մոտ: Կլինի մոմավառություն Ս. Սարգիս եկեղեցում, ապա երթի մասնակիցները կմիանան զինծառայողներին եւ հուշարձանների մարքման աշխատանքներ կիրականացնեն:

«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաների հետ համատեղ կանցկացվի «Թանգարանը որպես ոչ ձեւական կրթության միջավայր» թեմայով միջոցառում: «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում դպրոցականների մասնակցությամբ կանցկացվի ասմունքի ցերեկույթ:

Ստորեւ ներկայացվում է այն ուսումնական հաստատությունների ցանկը, որտեղ ապրիլի 18-ին նախատեսված են բաց դաս եւ լուսանկարների ցուցահանդես: Նշենք, որ միջոցառումները շարունակական կլինեն եւ կտեւեն մինչեւ մայիսի 18-ը:

1. Երևանի մարզային ծառայություն – Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան N 11 հիմնական դպրոցում կանցկացվի բաց դաս «Հուշարձանների պահպանության դերն ապագա սերունդների կրթության և դաստիարակության գործում» և «Կրթության ժառանգությունը» թեմաներով: Ժամը` 14.00: Պատասխանատու` Ք. Հակոբյան:

2. Արագածոտնի մարզային ծառայություն – բաց դաս Բյուրականի Հ. Թումանյանի անվան դպրոցում ժամը 13.00 կկայանա բաց դաս` «Հայրենական Մեծ պատերազմում զոհվածներին նվիրված հուշարձանների ուսուցողական դերը հայրենասիրական դաստիարակության գործում» թեմայով: Իսկ Կարբիի դպրոցների աշակերտների համար բացը դասը տեղի կունենա ապրիլի 20-ին, ժամը` 12.00: Պատասխանատու` Ս. Հունանյան:

3. Արարատի մարզային ծառայություն – բաց դասեր Վեդիի Խ. Սողոմոնյանի անվան N 2 դպրոցում, Վեդիի իրավատնտեսագիտական քոլեջում: Ժամը` 10.00: Պատասխանատու` Ռ. Կարապետյան:

4. Գեղարքունիքի մարզային ծառայություն- «Հուշարձանը մեր պատմությունն է, իսկ մենք` նրա պահապանը» թեմայով դասախոսություններ Մարտունու N 2, 3, Գավառի ավագ դպրոցի, Նորատուսի, Արծվանիստի, Լիցքի, Սևանի N 6, Ծովինարի դպրոցների աշակերտների, ինչպես նաեւ Մարտունու եւ Վարդենիսի զորամասերի զինծառայողների համար: Ժամը` 10.00-ից մինչեւ 13.00: Պատասխանատու` Ա. Արեւշատյան:

5. Վանաձորի Ս. Աստվածածին եկեղեցու բակից, ժամը 13.00 -ին ուսանողները, դպրոցականները, Հ/կ ներկայացուցիչները երթով կհասնեն մինչեւ Ս. Գրիգոր Նարեկացի եկեղեցի: Ս. Գրիգոր եկեղեցու բակում նաեւ մարզի հուշարձանների լուսանկարների ցուցադրություն: Պատասխանատուներ` Ա. Փիլիպոսյան, Փ. Սահակյան:

6. Լոռու մարզային ծառայություն – սոցիալական ծառայությունների կենտրոնի շենքում ‘ «Լոռու հուշարձանները» խորագրով լուսանկարների ցուցավահանակի ցուցադրություն: Ժամը` 11.00: Պատասխանատուներ` Ա. Փիլիպոսյան, Փ. Սահակյան:

7. «Լոռի բերդ» քաղաքատեղի պատմամշակութային արգելոց «Լոռի բերդի պատմությունը և Լոռի բերդի ստեղծման անհրաժեշտությունը» խորագրի ներքո Լոռի բերդի հիմնական դպրոցի տարրական դասարանների աշակերտների հետ բաց դաս և վիկտորինա մրցույթ: Ժամը` 13.00: Պատասխանատու` Օ. Ղուբաթյան, Ն. Մամիկոնյան:

8. Շիրակի մարզային ծառայություն – Շիրակի մարզային գրադարանում ուսանողների համար դասախոսություն, լուսանկարների ցուցահանդես, սլայդ-շնորհանդես դպրոցներում` բաց դասեր: Ժամը` 14.00: Պատասխանատու` Ա. Մելիք- Սարգսյան:

9. Կոտայքի մարզային ծառայություն – ծառատունկ, դպրոցներում աշակերտների մասնակցությամբ ասմունք: Ժամը` 14.00: Պատասխանատուներ` Ս. Գասարջյան, Է. Եսայան:

10. Սյունիքի մարզային ծառայություն- Սյունիքի մարզի պատմամշակութային հուշարձանների լուսանկարների ցուցահանդես Կապանի երկրագիտական թանգարանում: Ժամը` 14.00: Պատասխանատու` Ա. Հակոբյան:

11. Վայոց ձորի մարզային ծառայություն-Եղեգնաձորի Մոմիկի անվան զբոսայգուց երթի մասնակիցները կհասնեն Վարդանանց պատերազմի զոհերի հիշատակի խաչքարի մոտ: Կլինի մոմավառություն Ս. Սարգիս եկեղեցում, ապա երթի մասնակիցները կմիանան զինծառայողներին եւ հուշարձանների մարքման աշխատանքներ կիրականացնեն: ժամը` 13.00: Պատասխանատուներ` Գ. Գասպարյան, Վ.Կարապետյան:

12. Տավուշի մարզային ծառայություն- «Հուշարձանների պահպանությունը համաժողովրդական գործ ը» թեմայով դասախոսություն Իջևանի 1-ին դպրոցի աշակերտների համար: Ժամը` 10.00: Պատասխանատու` Ա. Այվազյան:

13. Տավուշի մարզային ծառայություն – Բերդ քաղաքի պետական քոլեջում ուսանողների համար հուշարձանների պահպանության խնդիրների վերաբերյալ դասախոսություններ: Ժամը` 11.00: Պատասխանատու` Ա. Այվազյան:

14. Տավուշի մարզային ծառայություն – այցելություն Տավուշի պատմության և կենցաղի թանգարան / ք. Բերդ/, հանդիպում մտավորականության ներկայացուցիչների հետ: Ժամը` 12.00: Պատասխանատու` Ա. Այվազյան:

15. «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան – Զվարթնոցի թիվ 8 և թիվ 12 օժանդակ դպրոցների 8-9-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ ասմունքի ցերեկույթ ա/թ-ում: Ժամը` 15.30: Պատասխանատու` Դ. Պողոսյան:

16. «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան – «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաների հետ համատեղ «Թանգարանը որպես ոչ ձեւական կրթության միջավայր»: Ժամը` 15.30: Պատասխանատու` Լ. Գևորգյան