«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը հյուրընկալել էր գիտության, ճարտարապետության ոլորտի մասնագետների, ԱԺ պատգամավորների, ՏԻ մարմինների ներկայացուցիչների ու մշակույթի նվիրյալների։ Առիթը՝ «Սենտ Շապելի հարթաքանդակը Զվարթնոց տաճարի վերակազմության ակունքներում» խորագիրը կրող միջոցառումն էր։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Խորեն Գրիգորյանը ողջունելով հյուրերին ասել է, որ հաջորդ տարի նախատեսվում է մեծածավալ աշխատանք իրականացնել «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում։
«ՊՈԱԿ-ը առաջնային է համարում հուշարձանի ամբողջական կոնսերվացիան։ Նկատի ունենալով, որ այն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում դիմել ենք ԿԳՄՍ նախարարությանը՝ մասնագետներ հրավիրել ՅՈՒՆԵՍԿՕ-ից այդ աշխատանքների կազմակերպման համար։ Հուսանք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ից արձագանքը շատ չի ուշանա և արդեն հաջորդ տարեսկզբին կազդարարենք մեր ընդգրկուն ծրագրի սկիզբը։ Նաև Զվարթնոց հուշարձանային համալիրի բազմակողմանի ուսումնասիրության խնդիր ենք դրել մեր առաջ։ Նախատեսում ենք ցուցադրությունը փոխել, հուշարձանի եռաչափ մոդելավորումը ունենալ», -բացման խոսքում ասել է Խորեն Գրիգորյանը։
Անվանի ճարտարապետ Տիրան Մարությանի որդին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի համոզմամբ էլ Զվարթնոցը ուշադրության կարիք ունի և միջոցառումն էլ այդ ուղղությամբ իրականացվող քայլերից մեկն է։
Հարություն Մարությանը ներկայացրել է անվանի ճարտարապետ Տիրան Մարությանի՝ Զվարթնոցի ու Սենտ Շապելի առնչություններին վերաբերող գիտական աշխատությունը /լույս է տեսել 1959 թ․/։ Տիրան Մարությանը իր գիտական գործունեության զգալի մասը նվիրել է Զվարթնոց տաճարի ուսումնասիրությանը և համոզված է եղել, որ Սենտ Շապելի հարթաքանդակի կառուցման ակունքներում Զվարթնոցն է եղել։
Հարություն Մարությանի խոսքով վերջերս իրեն բախտ է վիճակվել լինել Սանտ Շապելում, տեսնել հայկական ու ֆրանսիական մշակույթը մեկտեղած հուշարձանը։
«Օրվա ընթացքում հազարավոր մարդիկ են գալիս Փարիզի կենտրոնում գտնվող Սենտ Շապել և նրանք չգիտեն երկու երկրների մշակութային առնչությունների մասին։ Եթե կարողանանք ֆրանսերենով գիտական ու մատչելի լեզվով /ծալաթերթի միջոցով/ մատուցել, որ կա գիտական հիմքեր ունեցող բացատրություն՝ հրաշալի կլինի։ Դա հետևողական աշխատանք է պահանջում և կարծում եմ պետք է կյանքի կոչել։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը ներկայացրել է նաև այլ գիտնականների տեսակետներ։
Արգելոց-թանգարանի ժամանակավոր ցուցասրահում էլ տեղի է ունեցել Սենտ-Շապելի հարթաքանդակներից մեկի՝ կրկնօրինակ ցուցանմուշի բացման արարողությունը /պատվիրատու՝ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ/։
Քանդակագործ Վիգեն Ավետիսն իր խոսքում նշել է, որ շատ կարևոր նախաձեռնությանը միացել է պատահական։ Երկու ամսվա ընթացքում կարողացել է ավարտին հասցնել ցուցանմուշը և հուսով է, որ այն հետագայում տեղ կգտնի «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի ցուցադրության մեջ։
Ցուցադրությունը կգործի երկու ամիս։