ՄԱՐՄԱՐԵ «ՑԼԻ ԳԼՈՒԽԸ» ԿՑՈՒՑԱԴՐՎԻ 10 ՕՐ ԳԱՌՆԻՈՒՄ ՆՇՎԵԼ Է ԱՄԱՆՈՐԸ, ՎԱՀԱԳՆԻ ԾՆՈՒՆԴԸ, ԲԱՑՎԵԼ՝ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՄԱՐՄԱՐԵ «ՑԼԻ ԳԼՈՒԽԸ» ԿՑՈՒՑԱԴՐՎԻ 10 ՕՐ ԳԱՌՆԻՈՒՄ ՆՇՎԵԼ Է ԱՄԱՆՈՐԸ, ՎԱՀԱԳՆԻ ԾՆՈՒՆԴԸ, ԲԱՑՎԵԼ՝ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հեթանոս հայերն առաջնորդվելով արևային օրացույցով՝ գարնանային գիշերահավասարի  օրը  նշել են գարնան սկիզբը: Արեգ ամսվա Արեգակի օրը նշվել է նաև հաղթանակի աստված Վահագնի ծնունդը: Նրա  ծնունդով  է սկսվել Նոր տարին:

Գառնի պատմամշակութային արգելոց-թանգարանում հեթանոսները  երեկ Ամանոր են նշել։ Մինչ տոնախմբությունը «Արորդիների Ուխտ»-ի անդամներն  արևածագը  դիմավորել  են  «Գառնի»-ում։ Ծիսական արարողակարգի ավարտից հետո, Արորդիների ուխտի անդամները մասնակիցներին արևխաչով օրհնված տարեհաց ու մեկական  ումպ  գինի են բաժանել:

Գունավոր ժապավաններով զարդարվել է արգելոց-թանգարանի տարածքում տարիներ առաջ  տնկված Կենաց ծառը խորհրդանշող ծիրանենին։

Ապա արգելոց-թանգարանի հարակից տարածքում ծառատունկ է կատարվել՝ ծիրանենիներ են տնկվել՝  ի հիշատակ Արցախի դեմ Ադրբեջանի կողմից  սանձազերծած պատերազմի ընթացքում զոհված հայորդիների։

Միջոցառման մասնակիցներին բացառիկ հնարավորություն է ընձեռնվել  տեսնելու ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող արտեֆակտներից մեկը՝ տարիներ առաջ Գառնու դարավանդի զառիվեր լանջին հայտնաբերված Միհր Աստծո մարմարե արձանախմբի մաս հանդիսացող «Ցլի գլուխը»։ Պատմական վկայությունների համաձայն, Հայաստանում քրիստոնեության` պետական կրոն հռչակվելուց (301թ.) հետո, թեև հին ամրոցներն ու պաշտպանական համալիրները հիմնականում մնացին անխաթար, սակայն հեթանոսական պաշտամունքային հուշարձանները հիմնահատակ կործանվեցին։ Միայն առանձին տեղերում որոշ մեհյաններ վերածվեցին քրիստոնեական տաճարների:
Բացառություն է կազմում Գառնիի տաճարը, որը պահպանվեց նույնությամբ, վերածվեց աշխարհիկ կառույցի և, ըստ Մովսես Խորենացու, դարձավ Տրդատ III թագավորի քրոջ` Խոսրովադուխտի «տուն-հովանոցը»: Նոր հավատքի հետևորդները կտոր-կտոր արեցին տաճարի խորանում տեղադրված ցլի դեմ մարտնչող Միհրի արձանախումբը և նետեցին ձորը:
Հարյուրամյակներ անց` պեղումների ժամանակ, տաճարի մոտ գտնվել է սպիտակ մարմարից քանդակված ցլի կճղակ որը, մասնագետների կարծիքով հենց այդ արձանախմբի մասն է կազմել: Երկու այլ բեկորներ` ցլի մարմարե գլուխը և արձանախմբի պատվանդանի մասը, պատահաբար հայտնաբերվել են 2011 թ., դարավանդի զառիվեր լանջին:

Ցուցադրությունը կտևի մինչև մարտի  31-ը։