ՀՀ կառավարության որոշմամբ՝ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող 13 արգելոցների, արգելոց-թանգարանների թվին կավելանան ևս երկուսը։ Պատմության և մշակույթի հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված և հանրապետական նշանակության հուշարձաններ՝ «Դաշտադեմ ամրոց» պատմաճարտարապետական և «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցները։
«Դաշտադեմ ամրոց» պատմաճարտարապետական արգելոցի /տարածքը սահմանվել է 0.16716 հեկտար/ և «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցի /տարածքը սահմանվել է 12.72126 հեկտար/ հետագա պահպանությունը և շահագործումը կիրականացվի «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի արտաբյուջետային միջոցների հաշվին:
Դաշտադեմ ամրոց-համալիրը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղի հարավային մասում: Ներառում է միջնաբերդ-դղյակը, դղյակը բոլորող աշտարակավոր պարսպապատը, ամրոցապարիսպը, եկեղեցին, գաղտնուղին, ջրավազանները և այլ կառույցներ: Հուշարձանի թվագրման մասին գրավոր աղբյուրները լռում են: Պահպանված արձանագրությունները լույս են սփռում ամրոցի կառուցապատման և հետագա տասնամյակների ընթացքում իրականացված աշխատանքների վրա: Հիմք ընդունելով գիտական ուսումնասիրությունները` տարածքում առաջին շինարարական կառուցապատումները վերագրվում են ուրարտական ժամանակաշրջանին, ապա՝ վաղ միջնադարից շարունակական հավելումներով ձգվում մինչև XIX դար:
Միջնադարյան Հայաստանի Դվին մայրաքաղաքի ավերակները գտնվում են Վերին Դվին, Հնաբերդ, Վերին Արտաշատ, Նորաշեն, Այգեստան գյուղերի տարածքներում, Երևանից մոտ 30 կմ հարավ: Հիմնադրվել է IV դ. 30-ական թվականներին, Տրդատ III–ի որդի Խոսրով Բ Կոտակի օրոք: 330-331 թթ. Խոսրով Բ թագավորը հայոց արքունիքը Արտաշատից տեղափոխել է հյուսիս, Դվին կոչվող բլրի վրա` Արփա գետի հունի փոփոխման, Արտաշատ մայրաքաղաքի կլիմայական պայմանների վատթարացման պատճառով: 470 թ. Գյուտ Ա Արահեզացի կաթողիկոսի օրոք Վաղարշապատից Դվին է տեղափոխվել նաև կաթողիկոսարանը: Դվինը բազմաշերտ հուշարձան է: Բնակեցված է եղել դեռևս մ.թ.ա. III հազարամյակից: Պեղումների շնորհիվ բլրի գագաթին և նրա շրջակայքում բացվել է խոշոր բնակավայր` կիկլոպյան կառուցվածքներով, ինչպես նաև` մ.թ.ա. IX -VIII դդ. պաշտամունքային բնակավայր: