Մեծամորը և ամենահին ոսկե զարդերը

Մեծամորը և ամենահին ոսկե զարդերը

Մեծամորի հնավայրում, ավելի քան հիսուն տարի ընթացող պեղումների ընթացքում բացվել են պարսպապատ միջնաբերդ` պալատական և տնտեսական շինություններով, եզակի սրբարաններ` զոհարաններով,  երկնային մարմինների դիտումների համար նախատեսված հարթակ-«աստղադիտարան», մետաղի մշակութային ամբողջական ցիկլ  ներկայացնող հալոց-ձուլարանների  «արտադրամաս», վաղ բրոնզեդարյան` հում աղյուսով կառուցված, կլոր հատակագծով կացարաններ, ուշ բրոնզեդարյան-երկաթեդարյան քաղաքային թաղամաս և հսկայական դամբարանադաշտ:  

Թանգարանի հավաքածուն կազմում է շուրջ 28 000 առարկա, որից  8500-ը ներկայացված է հիմնական ցուցադրությունում: Այն ընդգրկում է էնեոլիթի (պղնձաքարի) դարաշրջանից` մ.թ.ա V-IV հազարամյակներից  մինչև  ուշ միջնադար` 17-18-րդ դարերը և, ըստ ցուցափեղկերի, հանգամանորեն ներկայացնում է հնագույն բնակատեղիի, ապա նաև Հին Արևելքի ու հատկապես Հայկական լեռնաշխարհի կարևորագույն քաղաքատեղիներից մեկի ռազմաքաղաքական, տնտեսական, առևտրական, սոցիալ-մշակութային պատմությունը: Թանգարանում ցուցադրվում է նաև ուշբրոնզեդարյան դամբարանի վերակազմություն:

Թանգարանի հատուկ զետեղարանում ներկայացված են ոսկուց, անագից, արծաթից, սաթից, սարդիոնից, մածուկից պատրաստված պերճանքի եզակի առարկաներ:  Մեծամորի հնավայրից են հայտնաբերվել և թանգարանի հատուկ զետեղարանում է  ցուցադրվում Հայաստանի տարածքից հայտնի ամենահին ոսկե զարդը: