Հայաստանի հնագիտական ամենամեծ հավաքածուներից մեկը՝ «Մեծամորի ոսկին» ժամանակավոր ցուցադրությունն այսօր բացվել է «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում։
Շուրջ 61 տարի պարբերաբար իրականացվող պեղումների արդյունքում հայտնաբերված շքեղ հավաքածուի մեջ բացառիկ ցուցանմուշներ են՝ Հայաստանում հայտնաբերված ամենահին ոսկին /1,5 պտույտով հերազարդ/, զարդակոճակներ, ճակատակալներ, ճարմանդներ, ոսկու թիթեղից պատրաստված կախիկներ, սարդիոնից, սարդոնիքսից, ագաթից ու սաթից պատրաստված թանգարանային առարկաներ։
«Ուրախ եմ ողջունել Ձեզ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում։ Միջոցառման օրը պատահական չի ընտրվել. դեկտեմբերի 15-ը արգելոց-թանգարանի հիմնադիր տնօրեն Կորյուն Մկրտչյանի ծննդյան օրն է, և մեր Կազմակերպությունը ցուցադրություն ու գիտաժողով է անցկացնում այսօր», – «Մեծամոր» արգելոց-թանգարանում ողջունելով ներկաներին` ասել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Արմեն Հովհաննիսյանը։ Նա շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ՝ Արա Խզմալյանին և Ալֆրեդ Քոչարյանին միջոցառման անցկացմանը մեծապես աջակցելու համար։
Միջոցառմանը մասնակցում էին նաև ԱԺ պատգամավորներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։
«120 տարի առաջ ոչ ոք չգիտեր, թե որտեղ է Զվարթնոցը, 60 տարի առաջ էլ ոչ ոք ծանոթ չէր նրան, ինչ հիմա կոչում ենք Անդրկովկասի էտալոնային հուշարձան՝ Մեծամոր։ Ժամանակի ընթացքում մեր պատմության և մշակույթի ժառանգությունը հետ է վերադառնում մեզ այն մարդկանց շնորհիվ, որոնք մեծ նվիրումով բացահայտում են հուշարձանը», – ողջույնի խոսքում ասել է ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, պ.գ.դ., հայ-լեհական արշավախմբի համաղեկավար Աշոտ Փիլիպոսյանը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, նշել է.
«Այն նպատակը, որ դրել ենք մեր առջև իրականություն է դառնում։ Հաճախ ենք ասել, որ պետական որևէ միջոց, վերահսկողական համակարգ չի կարող ապահովել մեր արժեքների անվտանգությունը, եթե դրա երաշխիքը մեր գիտակցությունը չէ այդ արժեքների համար։ Քանի դեռ մենք չենք ճանաչում մեր արժեքները, մենք պատասխանատվություն չենք կրում դրանց համար։ Պատասխանատվությունը սկիզբ է առնում արժեքի գիտակցումից և արժեքի հանդեպ դիրքորոշում մշակելուց։ Հենց այդ նկատառումով մենք սկսեցինք «Հողի գաղտնիքը» խորագիրը կրող միջոցառումների շարքը»։
Նրա խոսքով, Մեծամորը առեղծված է, և անգամ ամենահմուտ գիտնականները չեն կարող ասել, որ իրենք ճանաչում են այն ահռելի խորհուրդը, որ այս տարածքն ունի իր մեջ։ Խզմալյանի համոզմամբ` այդ արժեքների մասին ասելիքը դեռ առջևում է։
ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն էլ , ողջունելով միջոցառման մասնակիցներին, կարևորել է մեր մշակութային ժառանգության պահպանությունը և հետագա սերունդներին դրանք անխաթար փոխանցելը։ Նախարարի տեղակալի խոսքով, մեր հարուստ մշակութային ժառանգությունը անհրաժեշտ է հավուր պատշաճի ներկայացնել նաև միջազգային հանրությանը։
Ողջույնի խոսքերին հաջորդել է «Մեծամորի ոսկին» խորագիրը կրող ժամանակավոր ցուցահանդեսի բացումը։ Միջոցառման մասնակիցները ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Արմեն Հովհաննիսյանի ուղեկցությամբ շրջել են ոսկու ֆոնդում, ծանոթացել ՝ հարուստ հավաքածուին, դիտել՝ «Մեծամոր» փաստավավերագրական ֆիլմը։
Մինչ ցուցադրության բացումը, վաղ առավոտից մեկնարկել էր «Մեծամորյան ընթերցումներ-2» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը՝ նվիրված է 2017-2021 թթ. հնավայրի տարածքում իրականացված դաշտային աշխատանքների արդյունքներին։
Գիտաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես են եկել ՊՈԱԿ-ի գիտական քարտուղար, պ.գ.դ. Աշոտ Փիլիպոսյանը /զեկուցման թեման՝ 2016-2021 թթ. Մեծամորի դամբարանադաշտի պեղումները/, ՀՀ ԳԱԱ Հնագիտության ու ազգագրության ինստիտուտի փոխտնօրեն, պ.գ.թ. Արդեն Բոբոխյանը /Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերը և նրանց «ջրային կոդը», ԵՊՀ պատմության ֆակուլտետի ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Հայկ Ավետիսյանը /մշակութային ձևափոխումները Հայաստանում մ.թ.ա. 1 հազ. երկրորդ քառորդում/ և այլք։
Արտերկրի գործընկերների՝ Պավել Շուլգին (ՌԴ), Քշիշտոֆ Յակուբյակ (Լեհաստան), Գոդերզի Նարիմանիշվիլի (Վրաստան), Զուբայա Սուրագանովա (Ղազախստան) զեկուցումները վիդեո տարբերակով ներկայացվել են գիտաժողովի մասնակիցներին։