ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԻ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 1 ԳԵՐԵԶՄԱՆՈՑԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ

ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԻ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 1 ԳԵՐԵԶՄԱՆՈՑԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ

2018-03-29T15:58:36+00:00 08/05/2013|Շիրակ, Լրահոս|

Հիմք ընունելով Գյումրի համայնքի ղեկավարին ուղղված «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Շիրակի մարզային ծառայության պետ Ավետիք Մելիք-Սարգսյանի գրությունը եւ ղեկավարվելով ՏԻՄ մարմինների մասին օրենսդրությամբ, համայնքի ավագանին որոշում է կայացրել Գյումրու թիվ 1 գերեզմանոցի հուշարձանների ֆիզիկական վիճակն ուսումնասիրելու նպատակով ստեղծել ժամանակավոր հանձնաժողով: Գյումրու ավագանու գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության ու սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամները կփաստագրեն ու կվավերագրեն դրանք, կպարզեն վտանգվածության, վնասվածության ու ոչնչացման ծավալները : Որոշվել է կազմել տարածքում թաղված նշանավոր մարդկանց գերեզմանների մոտ տեղադրվելիք տեղեկատու ցուցակների ցանկը :

Հիշեցնենք, որ Գյումրիում հաշվառված «Գերեզմանոց, 19-20 դդ.» /պետական ցուցիչ` 7.1. 7/ հանրապետական նշանակության հուշարձանի տարածքում հանգչում են նշանավոր մարդիկ, մասնավորապես Ամենափրկիչ եկեղեցու կառուցող վարպետ Թաթեոս Անտիկյանը, մեծ փիլիսոփա Գեորգի Գյուրջիեւի հայրը` Աշուղ Ադաշը, Պոլոզ Մուկուչը, Գրիգոր Կարանյանը, Իսահակ Ծաղիկյանը, որոնց գերեզմանների պահպանության հարցը, որպես հուշարձաններ, վտանգված են:

ՊՄՊ մարզային ծառայության կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Գերեզմանոց»-ում հեռացվել եւ ոչնչացվել են հին` տուֆից գերեզմանաքարեր եւ դրանց տեղում կառուցվել են ավելի մեծ չափերով` բետոնապատ եւ բազալտ քարերով շարված նոր գերեզմանոցներ:

Գյումրիի գերեզմանոցի խնդրին անդրադարձել է նաեւ «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարը: