ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

2013-05-14T14:15:30+00:00 14/05/2013|Լրահոս|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոցներում և արգելոց-թանգարաններում Թանգարանների միջազգային օրվա առթիվ` մայիսի 18-ին, մի շարք միջոցառումներ կիրականացվեն: Մասնավորապես Վայոց Ձորի մարզի Արենի գյուղի դպրոցի 5-6-րդ դասարանների աշակերտները կայցելեն Նորավանք վանական համալիր ու Մոմիկի թանգարան, «Արփի» բնապատմական արգելոցում նախատեսված է բաց դաս անցկացնել Վայոց ձորի մարզի բուսական և կենդանական աշխարհը» խորագրով: Ավագ դասարանների աշակերտներին կներկայացվի նաեւ ««Արփի» բնապատմական արգելոցի քարանձավները» թեմայով զրույց-էքսկուրսիա:

«Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանը կհյուրընկալի Վերնաշեն գյուղի դպրոցականներին: «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում էլ նախանշված է «Մեր պարերը և մենք» կրթամշակութային ծրագրի իրականացում:

«Զորաց քարեր» բնակատեղի» պատմահնագիտական արգելոցում կկազմակերպվի «Հուշարձանը` որպես պատմական տարածք» թեմայով դասախոսություն:

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կբացվի Խաչիկ ծայրագույն վարդապետ Դադյանի ծննդյան 150-ամյակին նվիրված ցուցահանդես: Առաջին անգամ կներկայացվեն ՀՀ ազգային արխիվում պահվող` պեղումների ընթացքը լուսաբանող նյութերի, փաստաթղթերի, նամակների, լուսանկարների կրկնօրինակներ, գրքեր, հոդվածներ և այլ նյութեր:

«Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցում գյուղի հիմնական դպրոցի 8-9-րդ դասարանների եւ Ստեփանավանի թիվ 6 դպրոցի աշակերտների համար բաց դաս կանցկացվի Լոռի բերդ ամրոցի պատմության և «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի թանգարանային ցուցադրության հայեցակարգի վերաբերյալ: «Թանգարանը` որպես ոչ ֆորմալ կրթության կենտրոն» ծրագրով Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշակերտները կմասնակցեն պեղումների, գտածոների մաքրման, ամրակայման, վերականգնման, տարածքի էկոդիտարկման իրականացման աշխատանքների:

Նախանշված մեկ այլ ծրագրի` Երիտասարդ թանգարանագետների գիտաժողովին կմասնակցեն ու զեկուցումներով հանդես կգան «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի վարիչ Ա. Զաքյանը, ՊՈԱԿ-ի գիտաշխատող Դ. Պողոսյանը: