«ԼԵՌՆԱՅԻՆ ՊԱՐ» ՀՈՒՇԱՐՁԱՆԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՉԱՓԸ ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

«ԼԵՌՆԱՅԻՆ ՊԱՐ» ՀՈՒՇԱՐՁԱՆԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՉԱՓԸ ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

2018-03-29T16:01:19+00:00 14/05/2013|Երեվան, Լրահոս|

Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովը, մայիսի 8-ի նիստում քննարկել է «Դվին» հյուրանոցի տարածքում տեղակայված «Լեռնային պար» խմբաքանդակի ճակատագիրը: Նիստին մասնակցել են քանդակի հեղինակ Տիգրան Արզումանյանը, մշակույթի ենթահանձնաժողովի անդամներ: Վերջիններս կոչ են արել խնդրին տալ հասարակական հնչեղություն` հուշարձանին պատճառվածը բնութագրելով որպես վանդալիզմ: Որոշվել է համապատասխան փաստաթուղթ պատրաստել, հրավիրել իրավապահ մարմինների ուշադրությունը, վերականգնել քանդակը հստակ ժամանակահատվածում:

Քանդակի հեղինակ Տ.Արզումանյանի բնութագրմամբ, հուշարձանն այսօր ողբերգական վիճակում է, 80 տոկոսն ավերված է, թալանված: «Այնպիսի տպավորություն է, որ իմ կենսագրության 10-15 տարիները դուրս են շպրտել», -նիստում ասել է քանդակի հեղինակը: Նա պատրաստակամություն է հայտնել նյութական միջոցների առկայության դեպքում վերականգնել ավերված եւ վնասված հատվածները:

«Քանդակ-հուշարձանը պետական սեփականություն է: 2004 թ-ից ՀՀ կառավարության որոշմամբ, «Դվին» հյուրանոցային համալիրը վաճառվել է «Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ՓԲԸ-ին / ներկա անվանումը` «ՍԻ ՍԻ ՋԻ Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ՍՊԸ/: Գնորդը պարտավորվել է 5 տարվա ընթացքում վերակառուցել, սակայն դա չի արվել», -իր խոսքում նշել է ենթահանձնաժողովի անդամ, մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը: Նրա խոսքով` օրենքը սահմանում է, որ պահպանական գոտու տարածքում շինարարական աշխատանքների ընթացքում հուշարձանի պահպանության նկատմամբ պատասխանատվությունը կրում է կառուցապատողը:

Չնայած դրան, դեռ նախորդ տարի մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանի հանձնարարությամբ, հուշարձանի պահպանության նկատմամբ հսկողություն է սահմանվել եւ այն հանձնարարվել է ՊՈԱԿ-ի Երեւանի ծառայությանը: Հսկողությունը կազմակերպվել է հուշարձանի պահապանի կողմից սահմանված շրջայցերի ժամկետացանկի համաձայն: Քանի որ տարածքը ցանկապատված է եղել սեփականատիրոջ կողմից, հուշարձանը մոտիկից տեսնելու հնարավորություն պահապանը չի ունեցել: Հուշարձանի նկատմամբ իրականացվել է ակնադիտական հսկողություն հարեւան ավելի բարձր տարածքներից /օրինակ` Ս. Հովհաննես եկեղեցու շրջակայքից/: Հուշարձանի նկատմամբ, այդօրինակ բարբարոսությունը ենթադրաբար տեղի է ունեցել երկշաբաթյա ժամանակահատվածում, այսինքն` մի շրջայցից մյուսն ընկած օրերի ընթացքում:

Նշենք, որ հուշարձանի պահապանն օրերս ազատվել է աշխատանքից, իսկ Երեւանի ծառայության պետին խիստ նկատողություն է հայտարարվել: Ինչ վերաբերում է հուշարձանին հասցված վնասի չափին, ապա դա կպարզվի մշակույթի նախարարի հանձնարարությամբ առաջիկայում ձեւավորվելիք այն հանձնաժողովի ուսումնասիրության ու մասնագիտական եզրակացության արդյունքում, որի կազմում, ի թիվս այլ անձանց, կլինի նաեւ քանդակի հեղինակը:

Փաստի առթիվ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել քր.օր-ի 177 հ. 2 -րդ մասի 2-րդ եւ 3-րդ մասերով / գույքի հափշտակություն խոշոր չափերով, եւ անհայտ անձանց կողմից շինության տարածք ապօրինի մուտք գործելը/: Նախատեսված հոդվածներով սահմանված է պատիժ` 2-5 տարվա ազատազրկմամբ: