ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԲԱՐՁՐԱՔԱՇ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԲԱՐՁՐԱՔԱՇ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

2013-09-02T12:15:13+00:00 16/05/2013|Լոռի Հուշարձաններ|

ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԲԱՐՁՐԱՔԱՇ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ
Լոռու մարզ
գ. Դսեղ
պետ. ցուցիչ` 5.35.39

 

Գտնվում է Դսեղ գյուղից 2 կմ հյուսիս-արևելք, Մարց (Մարցաջուր) գետի ձախակողմյան ձորալանջի հարթակի վրա: Միջնադարյան (X-XIII դդ.) վանական համալիր է: Համալիրի հիմնական հուշարձանախումբ ըբաղկացած է իրար կից երկու եկեղեցիներից և գավթից, որից հարավ գտնվում են համալիրի մյուս կառույցները` Ս. Հարություն մատուռը («Ագռավիտապան»), Մամիկոնյանների տոհմական գերեզմանատունը, ձիթհանը: Ձորում գտնվում է վանքապատկան կամուրջը:

Ս. Գրիգոր եկեղեցի-համալիրի պահպանված հուշարձաններից հնագույնն է, որը թվագրվում է մոտավորապես X դ.: Հուշարձանախմբի հյուսիսային կողմում է: Ունի միանավ դահլիճ տիպի հորինվածք: Կառուցված է կոպիտ մշակված բազալտի մանրքարերով (հետագայում օգտագործվել է նաև ֆելզիտ): Պահպանվել են 3-4 մ բարձրությամբ պատերը:

Ս. Աստվածածին եկեղեցի-համալիրի գլխավոր եկեղեցին է: Հյուսիսից կից է Ս. Գրիգոր միանավ եկեղեցուն: Գմբեթավոր բազիլիկ տիպի հուշարձան է: Աղոթասրահը եռանավ է` արևելյան կողմում հնգանիստ խորանով: Կառուցված է դեղնավարդագույն ֆելզիտի սրբատաշ քարերով: Ըստ հարավային պատի արձանագրության` կառուցել է Համազասպ Մամիկոնյանի թոռ Մարծպանը 1221 թ.:

Գավիթ (Ս. Աստվածածին եկեղեցու)-քառասյուն գմբեթավոր տիպի է: Ի տարբերություն հայկական ավանդական գավիթների, եկեղեցուն կից է ոչ թե արևմուտքից, այլ` հարավից: Գավիթների ավանդական տիպից շեղում է նաև շինության արևելյան կողմում խորանի առկայությունը: Խորանի արտաքին ճակատին պատկերված է Մամիկոնյան իշխանական տոհմանշանը` մագիլներում գառ բռնած երկգլխանի արծիվ: Հարուստ է արձանագրություններով, որոնցում հիշատակված են նաև գավթի կառուցմանը մասնակցած անձանց անունները: Ըստ այդ արձանագրությունների`գավթի կառուցումը ավարտվել է 1247 թ.: Հարդարված է բարձրարվեստ նրբագեղ զարդաքանդակներով: Ուշագրավ է արևմտյան շքամուտքի բարավորը, որը զարդարված է հնգաթև աստղանախշերով:

Ս. Հարություն մատուռ («Ագռավիտապան») -կառուցվել է 1234 թ., Հովհաննես վարդապետի և նրա եղբայր Սարգսի կողմից: Արձանագրությունը պահպանվել է արևելյան սալաքարին:

Մամիկոնյանների տոհմական գերեզմանատուն-գտնվում է Ս. Հարություն մատուռի շուրջ: Միջնադարյան գերեզմանատուն է` մեծմասամբ XIII դ. խաչքարերով և տապանաքարերով:

Ձիթհան-գտնվում է Ս. Հարություն մատուռի հարավային կողմում: Մնացել է խոշոր որձաքարով շարված պատերի ստորին մասը: Ըստ արձանագրության` կառուցվել է 1266 թ., Գորգ վարդապետի կողմից, Մարծպանի որդիներՎահրամի և Մամիկոնի պարոնության ժամանակ: Արձանագրությունը փորագրված է 2 մ տրամագծով բազալտե մամլաքարի կողեզրին:

Կամուրջ -XIII դ.: Պահպանվել են կամրջի խելերը Մարց գետի ձախ ափին:

Համալիրը մասնակիորեն նորոգվել է 1939 թ.: 1950 թ. և 1969 թ.իրականացվել են բարեկարգման աշխատանքներ:

Հիմնական գրականություն

Շախկյան Գ., Լոռի. պատմության քարակերտ էջերը, Երևան, 1986:

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002: