ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Արմեն Հովհաննիսյանի ուղեկցությամբ, Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասի «Սուրբ Հռիփսիմե» եկեղեցու տարածք էին այցելել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ՝ Դավիթ Դանիելյանը և Նարեկ Ղահրամանյանը։
Կապանցի մի խումբ երիտասարդներ դիմել էին Դավիթ Դանիելյանին պատրաստակամություն հայտնելով ֆինանսական ներդրում կատարել հուշարձանի վերականգնման համար։
Դավիթ Դանիելյանի փոխանցմամբ, Կապանի կենտրոնական մասում գտնվող եկեղեցին առաջիկայում կվերականգնվի։ Մեկ երկու շաբաթից հուշարձանի տարածքում կաշխատեն հնագետները։ Պեղումներից հետո, կմեկնարկեն վերականգնման աշխատանքները, կբարեկարգվի՝ տարածքը։
Պատգամավորի խոսքով, ոգևորիչ է, երբ քաղաքացիները մտահոգ են մշակութային ժառանգության պահպանության ու վերականգնման հարցով։
«Պատմամշակութային ժառանգությունը մեր ազգի, մեր պետության անձնագիրն է ու պետք է դրանք պահպանել»,-շեշտել է Դավիթ Դանիելյանը։
Հ․ Գ․ ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասի «Սուրբ Հռիփսիմե» եկեղեցին կառուցվել է 17-18-րդ դդ.-ում: Ունի արևելքում կիսաշրջան խորանին կից ուղղանկյուն ավանդատներով թաղածածկ դահլիճի հորինվածք: Թաղակիր կամարները հենվում են երկայնական պատերի զույգ որմնամույթերի վրա: Մուտքը հարավից է՝ կառուցված անմշակ և կոպտատաշ քարերով: Տանիքը հողածածկ է, եկեղեցու շուրջը պահպանվել են գերեզմանոցի մնացորդները: