Մաքրման աշխատանքներ Խուճապի վանքում

Մաքրման աշխատանքներ Խուճապի վանքում

2022-11-08T16:47:33+00:00 08/11/2022|Լրահոս|

ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի  և ՊՄՊ Լոռու մարզային ծառայության աշխատակիցների նախաձեռնությամբ մաքրման աշխատանքներ են իրականացվել  Խուճապի վանքում, վանքի տարածքը մաքրվել է բուսաշերտից, աղբից։

Վանքը գտնվում է ՀՀ Լոռու մարզում, Լալվար լեռան հյուսիսային անտառոտ լանջին: Հնագույն կառույցը միանավ բազիլիկ եկեղեցին է (IX–X դդ.):

XIII դ. միանավ եկեղեցուց հյուսիս սրբատաշ ֆելզիտով կառուցվել է գլխավոր եկեղեցին, որն ունի զույգ մույթերով գմբեթավոր հորինվածք, գմբեթն ունի տասներկու նիստանի թմբուկ: Հարավային ավանդատանը պահպանվել են որմնանկարների հետքեր,  եկեղեցին հարուստ է արտաքին դեկորատիվ հարդարանքով։ Գլխավոր եկեղեցուն արևմուտքից կցվել է գավիթ-սրահը, հյուսիսից ու հարավից ավելացվել են երկայնական սրահներ: Գմբեթավոր եկեղեցու կառուցման հետ մեկտեղ XIII դ. վերանորոգվել է բազիլիկ եկեղեցին (հյուսիսից ու հարավից կցվել են երկայնական սրահներ, իջեցվել է բարձրադիր բեմի նիշը): Բազիլիկ եկեղեցուց հյուսիս պահպանվել է փոքր, կիսավեր մատուռ: Խուճապի վանքի պարսպապատ տարածքում պահպանվել են բնակելի և տնտեսական շինությունների ավերակները: