Հեռավոր անցյալից ներկա: Ահա այսպիսի տեսք ունի ՀՀ կառավարության հատկացրած միջոցներով «Լոռի բերդ» միջնադարյան ամրոցի պարսպի վերականգնված հատվածը:
ՀՀ ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը և «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արմեն Հովհաննիսյանը ծանոթացել են այս տարի կատարված աշխատանքներին:
Տեղում կայացել է հանդիպում կապալառու շինարարի, որակի տեխնիկական հսկողության կազմակերպության ներկայացուցչի և հեղինակային հսկողի հետ: Արձանագրվել է, որ 2022 թ. նախատեսված ծավալներով աշխատանքը կատարված է: Պարսպի մյուս հատվածի վերականգնման համար ԿԳՄՍ նախարարությունն ունի պատվիրած վերականգնման նախագիծ, որի ընդունվելուց հետո աշխատանքները կշարունակվեն հաջորդ տարիներին:
Պատմական ակնարկ: Միջնադարյան անառիկ ամրոցը կառուցվել է 11-րդ դարի սկզբին, Դավիթ Անհողինի կողմից: Բերդաքաղաքը զբաղեցրել է մոտ 35 հա տարածք և եղել է Տաշիր-Ձորագետ թագավորության մայրաքաղաքը: Տեղակայված լինելով առևտրական ուղիների խաչմերուկում՝ ժամանակին Լոռին ունեցել է ավելի քան 10 000 բնակչություն: Բերդ-ամրոցը նախ գրավել են սելջուկները, ապա այն դարձել է վրաց Օրբելյանների կալվածք՝ 1185-ին անցնելով Զաքարյաններին: 1236-ին մոնղոլական բանակն ավերել և կողոպտել է քաղաքը, իսկ 1430 թ. նրան տիրել են հայ Օրբելյանները: Հետագա դարերում բերդն անցել է թուրքերին, պարսիկներին, երբեմն՝ վրացիներին: 18-րդ դարի վերջին Լոռին կորցրեց բերդի նշանակությունը, և միջնաբերդում հիմնվեց մի գյուղ, որտեղ բնակվել են մինչև 1930 թ.:
Ուշագրավ է, որ բերդի՝ 214 մ երկարությամբ, իրար հաջորդող կլոր և քառանկյունի աշտարակներով պարիսպը ձգվել է հյուսիս-արևմուտքից: Այդ հատվածում էլ գտնվել է միակ մուտքը: Պարսպի լայնությունը տեղ-տեղ հասել է 20 մետրի, բարձրությունը՝ 20-25 մետրի: