Հայոց բերդերը

Հայոց բերդերը

2023-01-27T17:03:22+00:00 27/01/2023|Սյունիք, Լրահոս|

Հայկական բանակը 31 տարեկան է։ Ամրոցաշինությունից բանակաշինություն. Պատմություն հայոց փառքի քարե վկաների մասին:

Հայոց փառքի քարե վկաները. «Բաղաբերդ» ամրոց

ՀՀ Սյունիքի մարզում գտնվող «Բաղաբերդ» ամրոցը IV դարից սկսած եղել է ռազմական կարևոր հենակետ, ծառայել է որպես ապաստարան և թաքստավայր, իսկ Սյունիքի թագավորության շրջանում (987-1170թթ.) համապետական նշանակություն  ստացել: Բաղաբերդը պատմագրության մեջ հիշատակվում է «Բաղաց ամրոց», «Բաղբերդ», «Պաղաբերթ» անուններով:

Սյունիքի թագավորության երկրորդ շրջանում կարելի է առանձնացնել նաև 1103-1170 թթ. միջև ընկած ժամանակահատվածը, երբ 1103 թ. սելջուկ թուրքերը գրավեցին Կապանը։ Թշնամուն չհաջողվեց գրավել Բաղաբերդ ամրոցը, և նրանք, կողոպտած հարուստ ավարով, հեռացան քաղաքից։ Այդ շրջանում ամրոցի ռազմավարական դերն առավելագույնի հասավ: Միայն 1170 թ. Գանձակի սելջուկները խաբեությամբ ներխուժեցին ամրոց, գրավեցին  այն, կոտորեցին բնակիչներին, այրեցին  Տաթևի վանքին պատկանող ավելի քան 10 հազար ձեռագիր մատյան, կողոպտեցին գանձերը: Դրանից հետո ամրոցն այլևս չի վերականգնվել:

Ամրոցն այժմ կիսավեր է:

Բաղաբերդի գրավումից հետո վերանում է Սյունիքի թագավորությունը:

Ամրոցի պարսպապատերի առաջին շարքից պահպանվել է մոտ 60 մ երկարությամբ ուղղաձիգ մի հատված:

Այս պարսպապատը, հավանաբար, վերագրվում է շինարարական վերջին փուլին:

Պարսպապատերի երկրորդ գոտին վերջինից ավելի բարձր է: Այս հատվածում ուղղաձիգ ժայռազանգվածի վրա տեղադրված է  եղել կիսաշրջանաձև, սնամեջ դիտաշտարակը, որտեղից կարելի էր հսկել Ողջի գետահովտի ընդարձակ շրջանը, ինչպես նաև հետևել հակառակորդի զորաշարժին:

Ամրոցին կարելի էր մոտենալ միայն հարավ-արևմուտքից, որտեղ գտնվել է միակ մուտքը: Պարսպապատի և ժայռի միջև գտնվող նեղ միջանցքը ևս, որտեղ կարող էր հայտնվել թշնամին, պաշտպանված էր պահակ-աշտարակով և մուտքի աջ կողմում բացված հրակնատով:

Միջնաբերդի արևմտյան անկյունում պահպանվել են հաստ պատերով ուղղանկյուն շինության պատերի մնացորդները: Այն, հավանաբար, ծառայել է որպես հյուսիսային ռազմական ճանապարհի մատույցները հսկող դիտաշտարակ: