Հայոց փառքի քարե վկաները. «Լոռի» բերդ

Հայոց փառքի քարե վկաները. «Լոռի» բերդ

2023-02-01T16:08:55+00:00 01/02/2023|Լրահոս|

ՀՀ Լոռու մարզում գտնվող «Լոռե» կամ «Լոռի» բերդը հիմնադրել է Դավիթ Անհողինը (1010-20-ական թվականներ)` ընտրելով բնական անառիկությամբ, բայց համեմատաբար հարթ մակերեսով հրվանդան։ Միջնաբերդը երեք կողմերից շրջափակված է անդնդախոր կիրճերով և հաղթահարելի է միայն հյուսիսարևմտյան կողմում։ Ուստի, միջնաբերդի պարիսպը կառուցված է բերդի մատչելի այդ հատվածում։

Պարսպի հարավարևմտյան անկյունում՝ Ձորագետի կիրճին հարող պարսպապատի մեջ, սկզբնապես կառուցված է եղել երկթեք ծածկով փոքր դիտակետ։ Դիտակետի վրա շարունակվել է պարսպապատը։ Այստեղից տեսանելի էր ինչպես քաղաքի տարածքը, այնպես և Ձորագետի կիրճում տեղի ունեցող որևէ զորաշարժ կամ հարձակման նախապատրաստություն։ Բերդապարիսպն իր գոյության շուրջ 800 տարվա ընթացքում բազմիցս ենթարկվել է վերակառուցումների, ինչի հետևանքով փոփոխվել է վերջինի նախնական տեսքը. մասնակի պահպանված պարսպի պատերի մեջ նկատելի են տարբեր շարվածքներ, որտեղ օգտագործված են նախկինում այլ նպատակի համար մշակված քարեր՝ 14-15-րդ դդ. տապանաքարեր, խաչքարերի և արձանագրությունների բեկորներ։

Բերդապարսպի հյուսիսարևմտյան կողմում է գտնվում ամրոցի միակ մուտքը՝ կամարաձև շարվածքով, որը բաղկացած է ներքին և արտաքին դարպասներից։ Լոռեի քաղաքամուտ դարպասները կամարային մեծ բացվածքներ են, որոնց փեղկերը պատրաստվել են փայտի ամուր տեսակներից, իսկ դրսից երեսպատվել են մետաղյա թիթեղներով։

Դարպաս-մուտքի հաղթահարումից հետո թշնամին անմիջապես չէր կարող հայտնվել միջնաբերդի ներսում: Ամրոցի պարիսպների ու նոր աշտարակների օգնությամբ ստեղծվել է քառանկյունի երկար ձգվող հրապարակ, որն ավարտվում էր անմիջապես միջնաբերդ մտնող երկրորդ՝ ներքին մուտքով: Մուտքի երկու կողմերում պահպանվել են աշտարակների հիմնապատերը: Դատելով աշտարակների այս դասավորությունից, ըստ պեղող հնագետ Ի. Ղարիբյանի, պարզ է դառնում, որ թշնամին, հաղթահարելով ամրոցի առաջին դարպասի պաշտպանությունը, մտնում է առաջին և երկրորդ դարպասների միջև ստեղծված քառանկյունի, համեմատաբար նեղ միջանցքը և կրկին հանդիպում է լուրջ դիմադրության: Սեյսմակայունությունն ապահովելու համար պարսպապատերի մեջ՝ որոշակի բարձրության վրա, դրվել են փայտե գերաններ, որոնց հետքերը պահպանվել են աշտարակների և պատերի շարվածքներում։ Իսկ պարսպի հիմք ծառայել է բնական ժայռը, որը հարմարեցվել է այդ նպատակի համար:

Լոռե քաղաքի միջնաբերդը, պարսպից բացի, թշնամիներից պաշտպանվել է նաև պարսպի արտաքին կողմում և գրեթե ամբողջ երկարությամբ կառուցված ջրապատնեշով` խանդակով։ Վերջին դաշտային ուսումնասիրությունների արդյունքում բացվել են նաև միջնաբերդի պարսպապատերը, դրանց հիմքերը, նախկինում հողով ծածկված աշտարակները։

Պեղումների արդյունքում բերդի տարածքում բացվել են հնագիտական տարբեր շերտեր, հայտնաբերվել տարբեր իրեր: Պեղումներն իրականացնում է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի արշավախումբը (ղեկ.՝ Արման Նալբանդյան):

Այսպիսին է Լոռի բերդը` իր պատմամշակութային հարուստ ժառանգությամբ:  2022 թ. վերականգնվել է «Լոռի բերդ» միջնադարյան ամրոցի պարսպի մի հատվածը: