Սանահինի վանական համալիրը

Սանահինի վանական համալիրը

2023-02-02T14:27:46+00:00 02/02/2023|Լրահոս|

Լոռու մարզում գտնվող Սանահինի վանական համալիրը հայկական միջնադարյան ճարտարապետության գլուխգործոցներից է:

Ըստ ավանդության, Սանահին անունը ծագել է վանքի ճարտարապետի և իր որդու միջև վեճի արդյունքում։ Սանահինում վանք կառուցելու համար իշխաններից մեկը հրավիրում է մի հայտնի վարպետի, ով աշխատանքը սկսում է իր որդու հետ։ Շինարարության ընթացքում երկուսի միջև վեճ է ծագում, և որդին հեռանում է ։Ճանապարհին նա հանդիպում է մեկ այլ իշխանի, ով հանձնարարում է երիտասարդին կառուցել վանք հանդիպակաց լեռան վրա։ Աստիճանաբար վանքի պատերը վեր են խոյանում, տեսանելի դառնում։  Հայրը որոշում է այցելել և մոտիկից տեսնել այդ շինությունը։ Երբ նա հանդիպում է իր որդուն, հարցնում է, թե ի՞նչ է կառուցում,  որդին պատասխանում է․ «Հաղթանակի պատ»։ Հայրը մատնացույց է անում իր կառուցած վանքը  և ասում․ «Հիշի՛ր, որ սա նրանից հին է»։ Այստեղից էլ գալիս է Սա-նա-հին անունը։

Վանական համալիրը կազմված է երեք եկեղեցիներից, գրատուն-մատենադարանից, նախագավթից, գավթից, զանգակատնից, դամբարանից և հոգևոր դպրոցից: Սանահինի հուշարձանախմբից դուրս գտնվում են գեղաքանդակ խաչքարերով մի շարք փոքր եկեղեցիներ, վանքի աղբյուրը, ինչպես նաև Սանահինի հանրահայտ կամուրջը: Համալիրի որոշ կառույցներ պահպանվել են մասամբ, մի քանիսն էլ ավերվել են: Այս վանական համալիրը շատ կարևոր դեր է կատարել հայ հոգևոր ու մշակութային կյանքում: Լինելով միջնադարյան Հայաստանի գիտակրթական նշանավոր կենտրոններից մեկը` այն ունեցել է իր ճեմարանը, մատենադարանը, համալսարանն ու ակադեմիան:

Սանահինի վանական համալիրը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: