Արարատյան թագավորության հետքերով. Ռուսա Բ-ի սեպագիր արձանագրությունը

Արարատյան թագավորության հետքերով. Ռուսա Բ-ի սեպագիր արձանագրությունը

2023-02-09T15:11:14+00:00 09/02/2023|Լրահոս|

Արարատյան թագավորությունը ծաղկում էր: Մեկը մյուսի հետևից կառուցվում էին նոր քաղաքներ ու շեներ, հզոր բերդեր ու ամրոցներ: Չնայած Ասորեստանի հարձակումներին ու ասպատակություններին` Վանի արքաները շենացնում էին երկիրը, մշակում խոպան հողերը:

Իր նախնիների պես վարվեց նաև Ռուսա Բ-ն (Ք. ա. 685–645 թթ.), որը, անխախտ պահելով երկրի սահմանները, նոր կյանք է տալիս Կուարլինի երկրի անմշակ հովտին, մշակում խաղողի այգիներ, նոր ցանքադաշտեր, հիմնում մրգատու այգիներ, իսկ Իլդարունի գետից Ումեշինի անվամբ ջրանցք անցկացնում: Երախտագիտություն հայտնելով և նրանց պաշտպանությունը հայցելով` Ռուսա Բ-ն չի մոռանում զոհեր մատուցել Խալդի, Թեյշեբա, Շիվինի, Անիկու աստվածներին:

Իր և իր գործերի հիշատակը վառ պահելու, ինչպես նաև գալիք սերունդներին փոխանցելու համար Ռուսա Բ-ն թողել է սեպագիր արձանագրություն, որտեղ դիմում է Խալդի աստծուն` նզովելով նրանց, որոնք կփչացնեն սեպագիրը:

Անցան հարյուրամյակներ: Ռուսա Բ-ի հիշատակած երկիրը ծաղկեց ու զարգացավ. հայոց արքաները շարունակում էին նոր քաղաքներ ու ավաններ, տաճարներ ու եկեղեցիներ կառուցել: Եվ ահա 7-րդ դարում վեր խոյացավ «Զվարթնոց» շքեղաշուք տաճարը: Տաճարը կանգուն է մնացել մինչև 10-րդ դարը. ամենայն հավանականությամբ, ավերվել է երկրաշարժի պատճառով:

20-րդ դարի սկզբին` 1901-1907 թթ. Խաչիկ վարդապետ Դադյանի նախաձեռնությամբ պեղումների ժամանակ հայտնաբերվեց Ռուսա Բ-ի սեպագիր արձանագրությունը:

1936 թ. որձաքարե կոթողը տեղափոխվել է Սուրբ Հռիփսիմեի վանք` հետագայում վերադարձվելով արգելոց-թանգարան։