Տյառնընդառաջ

Տյառնընդառաջ

2023-02-13T16:41:28+00:00 13/02/2023|Լրահոս|

Տէրընդեզ, դարման ու կես,

Առնիմ մանգաղ` ելնիմ խոտի դեզ,

Տէրնդեզ` ուչխուր վառէ,

Օր ազատվես օձէ, չարէ:

Հայ առաքելական եկեղեցին Քրիստոսի ծննդից 40 օր անց, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը։

Քրիստոսի ծննդյան 40-րդ օրը ծնողները նրան տանում են տաճար: Այստեղ տիրոջն ընդառաջ (Տյառնընդառաջ) է գալիս խոր ծերության հասած և տիրոջ գալստյանը սպասող Սիմեոն ծերունին:

Տոնական հանդիսությունները, սակայն, ունեն հնագույն ավանդույթներ և առնչվում են կրակի մաքրագործող զորության հանդեպ ունեցած հավատի հետ: Տյառնընդառաջին վառվող խարույկը գարնան ավետաբերի խորհրդանշական դերն է կատարել: Խարույկի համար անհրաժեշտ փայտը կամ վառելիքը բերել են նոր նշանված կամ նորապսակ երիտասարդները:

Ժողովրդական տոներում առանձնահատուկ տեղ են զբաղեցրել կերակրատեսակները: Այսպես, Տյառնընդառաջի կերակրատեսակներն էին` փոխինձը, չամիչը, աղանձը, ընկույզը, բոված սիսեռը: Դրանք նախ պտտեցրել են կրակի շուրջ, ապա մի մասը բաժանել ներկաներին, մյուս մասը` պահել երեկոյան խնջույքի համար:

Քահանայի օրհնությունից հետո առաջինը միշտ վառվել է եկեղեցու բակի խարույկը: Խարույկի շուրջ նախ պտտվել են նորապսակ զույգերը: Կրակի վրայով ցատկել են բոլորը. հավատում էին կրակի զորությամբ կբուժվեն հիվանդությունները, կազատվեն չար ուժերից: Խարույկի ծխի ուղղությամբ կատարվել են նաև գուշակություններ: