Շարունակելով բացահայտումները Հայաստանի պատմական նշանավոր վանքերով, այս անգամ կանգ կառնենք Վայոց ձորի մարզում։
Մարզի նշանավոր վանքերից է՝ Սպիտակավոր Սուրբ Աստվածածինը, որը գտնվում է Վերնաշեն գյուղից 7 կմ հյուսիս, լեռան լանջին։
Ավանդույթի համաձայն, Սպիտակավոր վանքը կրակի լույսի ազդանշաններով կապակցված է եղել Արկազի Սուրբ Խաչ և Թանադե վանքերի հետ՝ միմյանց լուրեր փոխանցելու նպատակով:
Վանքը հայտնի է Սպիտակավոր, ինչպես նաև Ծաղկեվանք (Ծաղկի վանք) անուններով: Առաջին դեպքում, վանքը կոչվել է Սպիտակավոր, քանի որ ողջ եկեղեցին կառուցված է սպիտակավուն ֆելզիտ քարից:
Առավել հայտնի է Ծաղկեվանք անունով, որը պայմանավորված է վանքի տեղանքով: Գարնանը վանքի շուրջ ծաղկում են բազմաթիվ ծաղիկներ՝ շրջապատելով համալիրի տարածքը:
Պատմիչների մոտ Սպիտակավոր վանքի մասին որևէ վկայություն չենք հանդիպում, հիմնական տեղեկությունները ի հայտ են դառնում արձանագրությունից։
Համալիրը բաղկացած է Սուրբ Աստվածածին եկեղեցուց, գավթից և զանգակատնից։
Սուրբ Աստվածածին եկեղեցին հիմնադրել է Էաչի Պռոշյան իշխանը 1318 թ., որի մահից հետո շինարարությունը շարունակել և ավարտել է նրա որդին՝ Ամիր-Հասանը (1321թ.): Ունի գմբեթավոր դահլիճի տիպի հորինվածք: Միակ մուտքն արևմտյան կողմից է: Եկեղեցին առանձնանում է աշխարհիկ և հոգևոր սյուժետային պատկերաքանդակներով:
Գավիթը կից է Ս. Աստվածածին եկեղեցուն արևմտյան կողմից: Կառուցվել է 1321-1330 թթ.: Քառակուսի հատակագծով, թաղածածկ կառույց է:
Զանգակատունը կից է գավթի արևմտյան պատին: Եռահարկ, ինքնատիպ հորինվածքով կառույց է: Առաջին հարկը խուլ է, կառուցված է կոպտատաշ քարերով, երկրորդը ուղղանկյուն խորշ է, իսկ երրորդը միջանցիկ կամարակապ բացվածք է՝ երկթեք ծածկով պսակված:
Գեղեցիկ են պատերի դրսի մասի կտիտորական կոմպոզիացաները։ Դրանցից մեկը գտնվել է հյուսիսայնի պատի վրա՝ Էաչի և Ամիր Հասան Պռոշյանների պատկերներով։ Ժամանակի ընթացքում այն ընկել է, ապա տեղափոխվել էրմիտաժ: Ուսումնասիրություննեը ցուց են տվել, որ բարձրաքանդակը եկեղեցու հյուսիսային ճակատին հետագայում ամրացվել է։ Իսկ հարավային ճակատի մասում ագուցված էր Ամիր Հասանի որս անելու տեսարանը, որը այժմ գտնվում է Հայաստանի պատմության պետական թագարանում։
Վանքի շրջակայքում պահպանվել են ուշ շրջանի պարսպապատերի, վանական խցերի և գերեզմանոցի մնացորդներ:
XV դ. երկրորդ կեսից մինչև XVI դ. Ս. Աստվածածին վանքը գրչության կենտրոն էր:
Հուշարձանը վերականգնվել է 2007-2009 թթ. ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, իսկ 2012 թ., բարերար Վարդան Հարությունյանի հովանավորությամբ, զանգակատանը տեղադրվել է Սանկտ Պետերբուրգում պատրաստված զանգը:
1987թ. սպարապետ, ռազմական, քաղաքական և պետական գործիչ Գարեգին Նժդեհի մասունքները տեղափոխվել և ամփոփվել են Սպիտակավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում: Այստեղ կանգնեցվել է շիրմաքար-խաչքար՝ որպես Նժդեհի հիշատակի հավերժացման խորհրդանիշ: Սպիտակավորը դարձել է ուխտավայր։ Ամեն տարի ուխտագնացություն է տեղի ունենում դեպի Սպիտակավոր Սբ. Աստվածածին եկեղեցի: