«Զվարթնոցը ավերակ չէ, այլ մի շեն դպրոց, և անոր ամեն մի բեկորներն ու գեղաքանդակ քարերը՝ դարապատում ուսուցիչներ…»։
Թորոս Թորամանյան
Մարտի 18-ը հայկական ճարտարապետական հուշարձանների ուսումնասիրության նվիրյալ Թորոս Թորամանյանի ծննդյան օրն է։
Թորոս Թորամանյանը ծնվել է 1864 թ-ին Արևմտյան Հայաստանում հողագործի ընտանիքում: Ծնողներից զրկվում է մանկության տարիներին և 1884 թ-ին՝ բարեկամների օժանդակությամբ, մեկնում է Կոստանդնուպոլիս, որտեղ միայն չորս տարի անց է կարողանում ընդունվել Գեղարվեստի վարժարանի ճարտարապետության բաժինը:
1903 թ․ Փարիզից վերադառնալուց հետո Թորամանյանը սկսել է ուսումնասիրել հայրենի երկրի ճարտարապետությունը:
ՈՒսումնասիրել է նաև՝ Արևմտյան Հայաստանի հայկական ճարտարապետությունը։
Մեծ է Թորամանյանի դերը Զվարթնոց տաճարի պեղումների և հետագա գիտական ուսումնասիրություների գործում։
Զվարթնոց տաճարում Թ. Թորամանյանը սկսել է աշխատել 1904 թ-ից, երբ այնտեղ պեղումներ էր իրականացնում Խաչիկ վարդապետ Դադյանը:
Զվարթնոցը նրա գիտական գործունեության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցրել։ Գիտական խորը ու հիմնավորված հետազոտությունների շնորհիվ Զվարթնոցը վեր է խոյացել ավերակներից։
«Բյուզանդիան ունի աշխարհահռչակ մի Սբ. Սոֆիա, իսկ Հայաստանը նորա դեմ կանգներ է մի Զվարթնոց, որը բարձր գլուխ կպարզի իբրև ճարտարապետական գոհար բոլոր բյուզանդական շինություններու մեջ»,- այսպես է Թորոս Թորամանյանը գնահատել Զվարթնոց տաճարը:
Լուսանկարչությունը Թորոմանյանի հետազոտական աշխատանքի կարևոր բաղադրիչներից մեկն էր և այդ բնագավառում նա եղել է նույնքան բծախնդիր որքան որ իր չափագրումների ու վերլուծական հոդվածների մեջ։ Ինչպես նշում է Արտաշես Վրույրը,- «Գիտնականը լուսանկարչությունը սովորել է Անիում, որպեսզի կարողանա անմիջապես, և իր ուզածի պես լուսանկարել հուշարձանը։ Նա շատ մանրակրկիտ ձևով էր պատրաստվում այդ գործին, միշտ սպասելով հուշարձանի համար առավել ճիշտ լուսավորությանը»։
Անվանի գիտնականի արխիվի զգալի մասը` ձեռագրեր, նամակներ, լուսանկարներ, չափագրություններ, գծանկարներ և այլն պահվում են ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում:
Մի շարք արժեքավոր այլ հետազոտություններով անվանի գիտնականը հայ ճարտարապետության պատմության գիտական մշակման հիմք է դրել։
Թորամանյանի գիտական ժառանգության մեջ գերակշիռ տեղ է զբաղեցրել Հայաստանի V-VII դարերի ճարտարապետական հուշարձանների ուսումնասիրությունը:
1934 թ-ի փետրվարին, Թորամանյանի մահվանից մեկ ամիս առաջ, նրան գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվել։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հրատարակել է Թորոս Թորամանյանի «Անի. Պահլավունյաց եկեղեցիներ», «Անիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ /Տիգրան Հոնենցի/ եկեղեցական համալիրը», «Անիի Մայր Տաճարը», «Անիի Ս. Գրիգոր (Գագկաշեն) եկեղեցին», «Անիի միջնաբերդի հուշարձանները» պրակները: