Մարտի 20-ը հայ արևելագետ, հնագետ, հասարակական գործիչ Հովսեփ Օրբելու ծննդյան օրն է

Մարտի 20-ը հայ արևելագետ, հնագետ, հասարակական գործիչ Հովսեփ Օրբելու ծննդյան օրն է

2023-03-20T17:43:29+00:00 20/03/2023|Լրահոս, Հրապարակումներ|

1887 թ․ այս օրը՝ մարտի 20-ին, Քութայիսի քաղաքում ծնվել է հայ արևելագետ, հնագետ, հասարակական գործիչ Հովսեփ Օրբելին։

 

 

Հովսեփ Օրբելին 1904 թ. ընդունվում է Ս.Պետերբուրգի Կայսերական համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ, այնուհետև 1907 թ.    Արևելյան լեզուների ֆակուլտետ:

Փայլուն կերպով ավարտում է Արևելյան լեզուների ֆակուլտետը` միաժամանակ անցնելով պատմաբանասիրական ֆակուլտետի լրիվ դասընթացը:

1906 թ. ամռանը Օրբելին առաջին անգամ  գնում է Անի մասնակցելու քաղաքամայր Անիի պեղումներին: Օրբելու համար Անիի պեղումները հնագիտական հիանալի դպրոց են եղել:

Դառնալով Նիկողայոս Մառի  աշխատակիցը` նա այլ պարտականությունների հետ մեկտեղ տնօրինում է Անիի հնադարանը:

Օրբելին պատրաստում  և  հրատարակում է «Անիի շարքում»  պեղվող քաղաքի ուղեցույցը, հրատարակում ևս մեկ հանրամատչելի գրքույկ` «Անիի ավերակները» վերնագրով:

Օրբելին հնագիտական պեղումներ է կատարել Վանում, Գառնիում, Ախթամարում, Ամբերդում, Դաղստանում:

ՀՍՍՀ լուսժողկոմի կազմում ստեղծված «Հուշարձանների պահպանության կոմիտեն»՝ վերանվանված «Հնության կոմիտե»,  Հ. Օրբելու ղեկավարությամբ 1936 թ. հնագիտական պեղումներ են իրականացնում Ամբերդում։

Պեղվում են պալատ-միջնաբերդը, բաղնիքն ու հարակից տարածքը, Ամբերդաձոր տանող գաղտնուղին և այլ հատվածներ: Ընթացքում բացվում են պալատի մի քանի սրահներ, միջնաբերդի ջրամբարը և մուտքը, նաև բաղնիքի սենյակներն ու ջրամատակարարման կավե և երկաթե խողովակները։ Հավաքագրվում և վերծանվում են Ամբերդի և շրջակա վայրերի վիմական արձանագրությունները։

Ամբերդի հետ կապված Օրբելին գրում է  «XII դարի բաղնիքը և ծաղրածուն» աշխատությունը:

Նրա գրչին է պատկանում նաև «Ախթամար» հիմնարար աշխատությունը, Արևմտյան Հայաստանի միջնադարյան պատմական հուշարձանների ուսումնասիրությունը:

Օրբելին ցուցակագրել է հայկական վիմագիր արձանագրությունները, ուսումնասիրել հայկական և քրդական կենդանի բարբառները, կազմել բառարան, կրկնօրինակել մի շարք հայկական վիմագրեր, քարտեզագրել հնագույն ճարտարապետական հուշարձաններ:

1920-ից մինչև 1951 թվականը  աշխատել է Սանկտ Պետերբուրգի Պետական Էրմիտաժում` սկզբում որպես ֆոնդապահ, այնուհետև Արևելքի բաժնի հիմնադիր և վարիչ, իսկ 1934թ.` Էրմիտաժի տնօրեն:

Մահացել է 1961թ. փետրվարի 2-ին Ռուսաստանի Խորհրդային Հանրապետության Լենինգրադ քաղաքում:

1982թ. հուլիսի 6-ին ակադեմիկոս Լևոն Օրբելու 100-ամյակի առթիվ Ծաղկաձոր քաղաքում բացվում է Օրբելի եղբայրների՝ Հովսեփի, Ռուբենի և Լևոնի  տուն-թանգարանը։

Հովսեփ Օրբելու արխիվային լուսանկարներից պահվում  է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում։