Գեղարքունիքի մարզում` Գավառագետի աջ ափին, Գավառ քաղաքից 5 կմ հյուսիս-արևելք է գտնվում Նորատուս գյուղը: Գյուղի կենտրոնում Սուրբ Աստվածածին եկեղեցին է, հարավ-արևելքում` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին և գերեզմանատունը:
Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է Գեղարքունիքի իշխան Սահակի կողմից IX դարի վերջին: Նորատուսի հարավային գերեզմանատունը հայտնի է իր բազմաթիվ խաչքարերով: Ջուղայի խաչքարերի ոչնչացումից հետո աշխարհում խաչքարերի ամենամեծ համալիրը գտնվում է այստեղ:
Ավանդազրույցի համաձայն` թուրքերի հարձակման ժամանակ Գեղամ թագավորը հրամայում է խաչքարերին զինվորների հագուստներ հագցնել և իր փոքրաթիվ զորքով կանգնում այդ քարերի առջև: Թշնամին փախուստի է դիմում` կարծելով, թե հայոց թագավորի զորքը մեծաթիվ է: Գեղամ թագավորն իր փոքրիկ խմբով հասնում է նրանց հետևից և բոլորին կոտորում: