Մշակութային եղեռն

Մշակութային եղեռն

2023-04-24T16:29:03+00:00 24/04/2023|Լրահոս|
 1915 թվականին Արևմտյան Հայաստանում իրականացված Հայոց ցեղասպանությունը միայն հայության դեմ չէր, այլև հայկական մշակութային ժառանգության, ինչը շարունակվում է մինչև հիմա։
Այժմ արդեն թուրքական պետությունն իրականացնում է Սպիտակ եղեռն կամ մշակութային ցեղասպանություն՝ ոչնչացնելով կամ մզկիթի վերածելով հայկական հազարավոր եկեղեցիները, իսկ հուշարձաններից ջնջվում է հայկական հետքը։
Դրա վառ օրինակն է Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցին, որը վերանորոգումից հետո վերածվեց մզկիթի։ Թուրքիայի հազարավոր հայկական հուշարձաններ, հատկապես՝ եկեղեցիների մի մասը հայտնվել են գանձագողերի թիրախում։ Այդ երկրի արևելյան շրջաններում բնակվող քրդերն այդպես էլ չեն հրաժարվել «հայերի գանձերը» գտնելու վաղեմի երազանքից։ Օրինակ՝ Սասունում Մարաթուկ լեռան վրա գտնվող Մարութա վանքը, որը 1915-ից ի վեր չի գործել, սակայն ժամանակին հայտնի է եղել այնտեղ պահվող հարստությամբ։ Նույն ճակատագրին է արժանացել Վանի մոտակայքում գտնվող Սուրբ Թովմաս առաքյալի վանքը, որն, ավերվելուց բացի, վերածվել է ախոռի։ Ճակատագիրը փոքր-ինչ բարեհաճ գտնվեց Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու նկատմամբ։ Ցեղասպանության տարիներից ի վեր չգործելով և լքված մնալով՝ եկեղեցին վերանորոգվեց 2005-2007 թթ, իսկ 2007-ի մարտի 29-ին վերաբացվեց՝ վերածվելով թանգարանի։
Աղթամար կղզուց ոչ այնքան հեռու՝ Վան քաղաքի մոտակայքում գտնվող Վարագա վանքը, որը ժամանակին եղել է կրոնական և մշակութային հզոր կենտրոն, այժմ լքված վիճակում է։
Թուրքիայում հայկական եկեղեցիներն ամենուր են։ Դրանք հիմնականում խոնարհված են, սակայն կան նաև հազվագյուտ՝ գործող եկեղեցիներ։ Դրանցից է Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին, որը վերաբացվեց 2022 թվականին։ Սուրբ Կիրակոսը վերանորոգվել և կրկին բացվել էր հավատացյալների համար 2011-ի վերջին: 16-րդ դարում կառուցված հայկական եկեղեցին, սակայն, մի քանի տարի անց կրկին տուժել էր, այս անգամ՝ թուրքական բանակի ու քուրդ զինյալների բախումներից:
Թուրքական իշխանությունները որոշել են վերականգնել նաև Դիարբեքիրի մեկ այլ՝ Սուր կենտրոնական շրջանում գտնվող 16-րդ դարի Սուրբ Սարգիս հայկական կաթոլիկ եկեղեցին: Կիսաքանդ եկեղեցին վերջին անգամ վերանորոգվել է 1840 թվականին։ Թուրքիայում հայկական հուշարձանները, հետևաբար նաև հայկական հետքն ամենուր է։ Դա է պատճառը, որ թուրքական իշխանությունն անում է ամեն ինչ ոչնչացնելու հայկական հետքի քարե վկաներին, որոնք լռությամբ պատմում են անցյալն ու վերապրում ներկան՝ հյուսելով ապագայի հեքիաթը։