Արարատի մարզի Մրգավետ գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներն են․ «Հայոց պատմություն» առարկայի տեսական գիտելիքները գործնականում են յուրացնում։ Առաջին հայացքից նկատելի է․ դասը հետաքրքիր է, պրակտիկ, թեման՝ հնավայրից թանգարան։
«Հայոց պատմություն» առարկայի ուսուցիչ Ռիմա Մանուկյանի հրավերով դպրոցում են ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետները՝ «Ընտրի՛ր քո բացառիկ մասնագիտությունը» նախաձեռնությամբ ։
Դասընթացի ժամանակ միջին և ավագ դասարանների աշակերտները ծանոթացան հնագետի, մարդաբանի և վերականգնողի մասնագիտությանը, տեղեկացան հնագիտական առարկանների պեղման, մաքրման, վերականգման աշխատանքներին՝ հնավայրից մինչև թանգարան։
Այս լուսանկարում «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագետ, մարդաբան Հասմիկ Սիմոնյանը աշակերտներին ծանոթացնում է հնամարդաբանական նյութի հետ, բացատրում, թե ինչպես են հազարամյակներ առաջ կատարվել թաղումները, ինչ դիրքերով և ինչպես է հնարավոր տարբերել տղամարդու և կնոջ կմախքը, կամ, օրինակ, բացահայտել՝ ինչ հիվանդություն է ունեցել տվյալ անհատը։
Հասմիկ Սիմոնյան «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագետ, մարդաբան
Նախձեռնության նպատակն է դպրոցահասակ երեխաներին ներկայացնել այնպիսի բացառիկ մասնագիտություններ, ինչպիսիք են հնագիտությունը, հնամարդաբանությունը և հնագիտական առարկաների վերականգնումը, քանի որ դպրոցներում պատմության հիմնական դասագրքերում հնագույն շրջանը ավելի քիչ է ներկայացվում։ Նեղ մասնագիտական կողմնորոշումներ երեխաները չեն ստանում, այդպիսով որոշեցինք ներկայացնել տվյալ մասնագիտությունները, այն, թե ինչին ծառայում են այս մասնագիտությունները։
Մասնագիտական կողմնորոշման դասընթացի հաջորդ թեման պեղված հնագիտական իրերի մաքրումն ու վերականգնումն էր։ «Պահպանության ծառայություն » ՊՈԱԿ-ի հնագիտական իրեր վերականգնող Տիգրան Զաքյանը աշակերտների համար բացահայտեց վերկանգնողի մասնագիտությունը։ Պատկերաշարի միջոցով սովորողները ծանոթացան առարկաների վերականգմանը՝ բեկորային վիճակից մինչև ամբողջովին վերականգնված թանգարանային վիճակ։
-Ինչպես է հնարավոր հարյուրավոր մանր բեկորներ միացնելով ստանալ մեկ ամբողջական առարկա,-հարցը բոլոր աշակերտներին էր հուզում ։
Արդեն վերականգնված հնագիտական իրերը տեղափոխվում են թանգարան և համալրում մշտական ցուցադրությունները։ Աշխատանքի հաջորդ փուլը՝«Մեծամոր» պատմահնագիտական արգելոցի օրինակով ներկայացրեց ՊՈԱԿ-ի Մարքեթինգի և զարգացման ծրագրերի բաժնի մասնագետ Ժենյա Օհանյանը։
Դասընթացից հետո արդեն հաջորդ հանդիպումը նախատեսվում է «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում։ Աշակերտների ցանկությունն է՝ Մեծամորում մասնակցել «հետաքրքրաշարժ հնագիտություն » կրթական ծրագրին և սեփական փորձով զգալ, հասկանալ դարերի պատմությունը։