Միջնադարյան վանական համալիրի լռությունը խախտել են երգ ու պարով զուգորդված աշխատանքային գործիքների ձայնով:
ՀՀ ԿԳՄՍՆ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի, ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության աշխատակիցները մաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացրել Կոտայքի մարզի Բուժական գյուղից 3 կմ հյուսիս գտնվող Թեղենյաց վանական համալիրի տարածքում:
Համալիրի պատերին կային ներկով արված գրություններ, խփված մեխեր, տարածքը առատ էր հուշարձանը վնասող բուսականությամբ:
Մաքրվեց ողջ հուշարձանախումբը՝ Կաթողիկե եկեղեցին, երկու գավիթները, դպրատուն-գրատունը, սեղանատունը, փոքր եկեղեցին:
Շաբաթօրյակին միացան քայլարշավի եկած սիրողական ազգագրական պարային համույթը:
Ազգագրական երգի ու պարի ներքո շարունակվեց մաքրման աշխատանքները:
Հատվեցին հուշահամալիրի տարածքում աճած ոչ պիտանի ծառերը, թփերը:
Բուսածածկույթի մաքրման աշխատանքներից հետո վանքի տարածքում կատարվեց մոլախոտերի դեմ պայքարի միջոցառումներ:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոցների և արգելոց-թանգարանների, հուշարձանների տարածքների մաքրման աշխատանքները կրում են շարունակական բնույթ:
Հորդորում ենք բոլոր քաղաքիցներին, չաղտոտել հուշարձանի տարածքը, չավելացնել իր, պատերին չթողնել որևէ գրություն: Խնամքով վերաբերվել Հայաստանի պատմամշակութային ժառանգությանը, հուշարձանները մեր խնամքի և հոգատարության կարիքն ունեն: