Մշտադիտարկման աշխատանքներ հայոց թագավորանիստ քաղաքի տարածքում

Մշտադիտարկման աշխատանքներ հայոց թագավորանիստ քաղաքի տարածքում

Պատմական միջավայրի պահպանության Արարատի մարզային ծառայության աշխատակիցները ստուգայց են իրականացրել Լուսառատ համայնքի «Քաղաքատեղի Արտաշատ» հնավայրի Արաքսամերձ հատվածում։

Այդ տարածքում է գտնվում հասարարական բաղնիքի պեղված հատվածը:

Մշտադիտարկման աշխատանքներ են իրականացրել հնավայրի 1-ին բլուրի տարածքում, կատարել լուսանկարահանման աշխատանքներ։

Արտաշատը Հայաստանի հին մայրաքաղաքներից է  (մ. թ. ա. II – մ. թ. IV դդ.): Գտնվում է Արտաշատ քաղաքից 10 կմ հարավ-արևելք՝ Արաքս գետի ձախ ափին, Արաքս և Մեծամոր գետերի միախառնման տեղում:

ժամանակագիրները Արտաշատ մայրաքաղաքի մասին գրում են «թագավորանիստ քաղաք», «մեծ ու խիստ գեղեցիկ քաղաք», «Հայաստանի Կարթագեն»:

1967 թ. Փոքր Վեդի գյուղի տարածքում հայտնաբերված լատիներեն երկու արձանագրությունները նպաստեցեցին մայրաքաղաքի հնագիտական ուսումնասիրությանը:

1970 թ. ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախումբը սկսեց Արտաշատ մայրաքաղաքի կանոնավոր պեղումները (ղեկավարներ` Բ. Առաքելյան`1970-1986 թթ., Ժ. Խաչատրյան`1986 թ -ից)։

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արտաշատի հնագիտական արշավախումբը վերջին տարիներին (2011–2013 թթ.) շարունակել է պեղումները քաղաքատեղիի հյուսիսարևմտյան տեղամասում)։

Հնագիտական աշխատանքները շարունակվում են , ՀՀ ԿԳՄՍ նախարարության  Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության թույլտվությամբ ամեն տարի այստեղ պեղումներ են իրականացվում (հնագիտական արշավախմբի ղեկավար պ.գ.թ. Մ. Զարդարյան):

Տարբեր տարիներին կատարված պեղումներից հայտնաբերվել են հելլենիստական ժամանակաշրջանի ճարտարապետական հուշարձանների բազմաթիվ մնացորդներ, ինչպես նաև մշակույթի և արվեստի եզակի նմուշներ: Բացվել են բնակելի շինությունների և արհեստանոցների համալիրներ, հեթանոսական տաճար, մոնումենտալ կառույցների մանրամասեր, ուշ անտիկ շրջանի բաղնիքներ:

Արտաշատը  հին Հայաստանի դրամահատության կենտրոններից էր: Ներքին շուկայում շրջանառության մեջ էին ինչպես տեղում հատված, այնպես էլ` օտարերկրյա դրամներ: Գտնվել են Հայոց թագավորներ Տիգրան II-ի, Արտավազդ II-ի, Տիգրան III-ի, հարևան երկրների` սելևկյան, պարսկական, կապադովկյան, պոնտական, հռոմեական մ. թ. ա. II – մ. թ. I դդ. արծաթյա և պղնձյա դրամներ: