Մեծամորի ուշբրոնզեդարյան զարգացած մետաղամշակության մասին են վկայում դամբարաններից հայտնաբերված պերճանքի ոսկե առարկաները: Դրանք պատրաստված են դրվագման, զոդման, կաղապարման, գծանախշման, հատիկաշարման և այլ տեխնիկական հնարքների կիրառմամբ: Ոսկե արտեֆակտերի այդ աննախադեպ ծավալը բացատրվում է ինչպես Հայկական լեռնաշխարհի ոսկեբեր հանքավայրերի արդյունավետ շահագործմամբ, այնպես էլ սոցիալ-տնտեսական պայմաններով և քաղաքական հակամարտություններով:
Եգիպոս-Միտաննի-Կասսիտական Բաբելոն եռադաշինքը շահագրգռել և իր կողմն էր գրավել տարածաշրջանի մի շարք վաղպետական կազմավորումների և դրանց օգտագործում էր հակախեթական պայքարում:
Ըստ ամենայնի, մ.թ.ա. XVI դ. վերջից կամ XV դ. սկզբից նման իրավիճակում էին հայտնվել նաև Մեծամորի կառավարիչները, որոնք, ի պատասխան իրենց հակախեթական գործողությունների , ներառվել էին եգիպտա-կասսիտական չափակշռային համակարգի ոլորտը և իրավունք ստացել արտոնյալ պայմաններով օգտվելու եգիպտական ոսկու պաշարներից:
Թերևս հենց սրանով կարող է բացատրվել ոսկու աննախադեպ ծավալների առկայությունը ուշբրոնզեդարյան Մեծամորում և դրանց սղությունը նախորդ և հաջորդող ժամանակաշրջաններում: