«Չարենցի կամար» հուշարձանի տարածքում տեղադրված տեղեկատվական հին վահանակը փոխարինվել է նորով։
Այսուհետ այցելուները «Չարենցի կամարի» մասին կտեղեկանան հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն լեզուներով։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ նոր քառալեզու տեղեկատվական վահանակ է տեղադրվել Կոտայքի մարզում գտնվող «Չարենցի կամար» հուշարձանի տարածքում։
Կամարը ուղղանկյուն հատակագծային հորինվածքով (10 x 5,5 մ), 5 մ բարձրությամբ կառույց է՝ եզրափակված հիմնային ուղղանկյունից ավելի նեղ երկթեք տանիքով՝ հենված ատամնաշարով քիվի վրա։ Հյուսիսային և հարավային ճակատների վրա առկա են կամարակերպ բացվածքներ՝ 3,5 մ շառավղով։ Կամարը կառուցված է բազալտից, ներքին երեսպատումն արված է նարնջագույն տուֆով: Կառույցի կենտրոնում քարե նստարան կա։
«Չարենցի կամար»-ի ուրվագծի երկայնքով փորագրված են հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության հետևյալ տողերը` «…Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա, ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում»: Այդ պատճառով էլ հուշակոթողը հայտնի է «Չարենցի կամար» անվանումով:
Հուշարձանի էսքիզներից մեկի աջ անկյունում Ռաֆայել Իսրայելյանը գրել էր՝ «Տաճար Մասիսին» և նվիրել հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցին։