Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Սահմանադրության օրվա կապակցությամբ: Հուլիսի 5-ին նշում ենք նաև Պետական խորհրդանիշների օրը, ինչը կրկնակի տոնական է դարձնում օրվա խորհուրդը: 1995 թ. ընդունելով մայր օրենքը` հայ ժողովուրդը ևս մեկ անգամ ապացուցեց քաղաքակիրթ աշխարհի հետ ինտեգրման, ժողովրդավարական բարեփոխումների արմատավորման վճռականությունը: Պետական խորհրդանիշները բացարձակ արժեք են, իսկ դրանց նշանակությունը գիտակցելն ու արժևորելը` յուրաքանչյուրիս պարտքը: Դրանք արտացոլում են մեր երկրի անցյալն ու ներկան, ինչու ոչ, նաև ապագան: Սահմանադրությունն իրավունքների և պարտականությունների սահմանն է, ինչը պետք է իրողություն դառնա նախ յուրաքանչյուրիս գիտակցության մեջ: Սահմանադրական արժեքները գնահատելն ու կարևորելը երկրի ժողովրդավարական զարգացման գրավականն է: Եվս մեկ անգամ շնորհավորելով Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին` մաղթում եմ խաղաղ ու բարեկեցիկ երկիր` մայր օրենքի գերակայությամբ: