Բայբուրդ․ Արարատի մարզի վաղմիջնադարյան բնակատեղին

Բայբուրդ․ Արարատի մարզի վաղմիջնադարյան բնակատեղին

Գյուղատեղի  Բայբուրդը կամ Բաբերդը գտնվում է Արարատի մարզում։

Խոսրովի արգելոցում, Միլի գետի Աղջո ու Գլան վտակների միախառնման տեղում պահպանվել են վաղ միջնադարյան բնակատեղիի հետքերը:

Պատմական ու մատենագիտական տեղեկություններ գյուղատեղիի մասին չեն պահպանվել: Թերևս միակ հիշատակությունը տալիս է XIX դ. պատմաբան, բանասեր և աշխարհագրագետ Ղևոնդ Ալիշանը, ում կարծիքով՝ գյուղատեղիի անունը պետք է ծագած լինի Բաբերդ անունից: Գյուղատեղիի կենտրոնական մասում պահպանվել է սրբատաշ, գորշ բազալտով կառուցված, V դ. միանավ բազիլիկ եկեղեցին, որի պայտաձև ավագ խորանը դուրս է եկեղեցու ուղղանկյուն ծավալից: Ուշագրավ են կիսավեր եկեղեցու քանդակազարդ խոյակները և որմնակամարը՝ կենտրոնական մասում հավասարաթև խաչաքանդակով: Հարավային կողմից կից է գավիթը, որն այժմ ավերակ է:

Ըստ եկեղեցու շարվածքում պահպանված արձանագրության, գյուղատեղին գոյատևել է մինչև XVII դ. և հայաթափվել 1604 թ.՝ պարսից Շահ Աբաս Առաջինի իրականացրած բռնագաղթի ժամանակ:

Եկեղեցու շուրջը տարածված է գերեզմանոցը, որտեղ կան VII-XV դդ. տասնյակ խաչքարեր: 1980-ական թթ. կատարված մաքրման աշխատանքների ժամանակ այստեղ հայտնաբերվել է հունարեն, շրջված տառերով արձանագրությամբ մի քար, որի հայերեն թարգմանությունն է «Առողջություն» և «Երանություն»:

 

Գրականություն

Հակոբյան Ս., Արարատի մարզ, Երևան, 2010:

Մանուկյան Մ., Հայաստանի Հանրապետության մարզերը, քաղաքներն ու գյուղերը, Երևան, 2013: